Մատչելի հղումներ

«Financial Times»-ի անդրադարձը Հայաստանում աղջիկ երեխաների ծայրահեղ ցածր թվի մասին


«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:

Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» հոդվածում անդրադառնում է այս խնդրին և դրա պատճառներին։

Հոդվածի հեղինակ Էնդրյու Ջեքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշեց ,- «Ես տեղյակ էի այս խնդրի գոյության մասին Ասիայում հատկապես Չինաստանում, որտեղ տղաների թիվը զգալիորեն մեծ է աղջիկների թվից: Ինձ անակնկալի բերեց այն, որ Կովկասյան և Բալկանյան երկրներում, աղջիկների և տղաների միջև անհավասարությունը գրեթե նույնն է»:

Ըստ հոդվածի հեղինակի, Կովկասյան և Բալկանյան երկրներում դարեր շարունակ ավանդաբար նախընտրել են տղա երեխաներին: Մինչև վերջերս չկար, թե՛ հղիության ընթացքում սեռը բացահայտելու տեխնոլոգիա և թե՛ սահմանափակ թվով երեխաներ ունենալու ցանկություն: Խորհրդային շրջանում մարդիկ պարզապես այնքան երեխաներ էին ունենում, մինչև որ տղա երեխա ծնվեր: Սակայն տնտեսական անկման և պատերազմի հետևանքով, ընտանիքները փորձում էին ավելի քիչ երեխաներ ունենալ: Ինչի արդյունքում այդ մեկ կամ երկու երեխաների սեռը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց:

Էնդրյու Ջեքը ասում է,- «Այսպիսով, սա մի քանի գործոնի հետևանք է՝ ավանդույթների, 1990-ականների տնտեսական ճգնաժամի, նոր տեխնոլոգիաների զարգացման, մեծ դեր ունի նաև խորհրդային մշակույթից եկած հղիության արհեստական ընդհատման սովորությունը»:

Հեղինակը նշում է, որ մի շարք ընտանիքների, կանանց և մասնագետների հետ, զրույցի արդյունքում պարզվել է, որ պատմականորեն կանայք ավելի դրականորեն են ընդունում ցանկացած երեխայի սեռը, սակայն ամուսինները և նույնիսկ ամուսինների մայրերը նախընտրում են տղա զավակ ունենալ: Ինչը հասարակությունը բացատրում է նրանով, թե տղամարդիկ զինվորներ են, ապրուստ վաստակողներ, նրանք են ընտանիքի ունեցվածքի ժառանգները և տարեց ծնողների մասին հոգ տանողները:

Նա հավելում է,- «Կանայք ավելի ազատամիտ են, սակայն նրանք հասարակության ճնշման են ենթարկվում: Նաև հատկանշական է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում շատ տղամարդիկ արտագաղթել են աշխատանքի որոնման նպատակով, ինչը կանանց վրա մեկ այլ ճնշում է գործադրում: Նրանք հույս ունեն, որ տղա զավակը կօգնի պահպանել ընտանիքը և կկանխի հնարավոր բաժանումը: Ցավոք սրտի սա շատ կանանց ստիպում է նաև հանդուրժել ֆիզիկական բռնություն և գործադրվող այլ ճնշումներ»:

Ըստ հեղինակի, Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության անկում է գրանցվել: Սակայն այս տվյալները տատանվում են ըստ մարզերի:

Հայաստանում 2016 թվականին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը անօրինական դարձվեց, սակայն արդյո՞ք այս օրենքի ընդունումը որևէ կերպ նպաստեց խնդրի լուծմանը:

​«Կարծում եմ միայն այն հանգամանքը, որ այս խնդրի շուրջ օրենք է անցկացվել, նշանակում է, որ ընդունվել է, որ նման խնդիր գոյություն ունի: Իհարկե օրենքի ընդունումը նաև շատերին ստիպել է այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն այդուհանդերձ հասարակական հարցումներն ու ժողովրդագրական տվյալները վկայում են այն մասին, որ փոփոխություն կա դեպի դրականը: Ինչևէ, եթե հասարակությունում կանանց դերը և հասարակական կարծիքը չփոխվի, հնարավոր է, որ կրկին խնդրի վատթարացում գրանցվի»:

Հեղինակը նշում է, որ թեպետ Հայաստանը բավականին բաց հասարակություն ունի և պետական պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, համայնքներն ու անհատները պատրաստակամորեն պատասխանում էին իր հարցերին, հաճախ կանայք ում հետ նա զրուցել էր, խնդրում էին նրան գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ վախենալով ամուսինների և հասարակության ճնշումից:

«Financial Times»-ի անդրադարձը Հայաստանում աղջիկ երեխաների` ծայրահեղ ցածր թվի մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00

XS
SM
MD
LG