ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջոն Սուլիվանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հյուսիսային Կորեայի խնդրին:
«ԱՄՆ-ի պետքարտուղարության հիմնական խնդիրն է նախագահ Թրամփի անունից դիվանագիտական հանգուցալուծմանը հասնել Հյուսիսային Կորեայի խնդրում և վերջինիս միջուկային և բալիստիկ ծրագրերի հարցում: Մենք, սակայն, մեր դաշնակիցներ Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ միասին պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարի, եթե դիվանագիտական ջանքերը տապալվեն»,- ասել է փոխպետքարտուղարը:
Փոխպետքարտուղարը ուղևորվում է Հարավային Կորեա՝ այդ երկրի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
Միևնույն ժամանակ հաջորդ ամիս նախատեսվում է նախագահ Դոնալդ Թրամփի այցն ասիական 5 երկրներ, ներառյալ Հարավային Կորեա: Հարավային Կորեայի մամուլը հաղորդում է, թե չի բացառվում, որ նախագահ Թրամփն այցելի Հյուսիսային և Հարավային Կորեաներն իրարից բաժանող Կորեական ապառազմականացված գոտի։
Նախագահ Թրամփը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարող է լարվածության նոր ալիք հրահրել Հյուսիսային Կորեայի կողմից:
Այս այցի ընթացքում նախագահ Թրամփը ցանկանում է ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա ասիական գործընկերների կողմից, ինչպես նաև առաջ տանել ամերիկյան տնտեսական շահերը: