Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի «Հրազենի ազգային ընկերակցությունը» ընդդեմ ժողովրդի


Մինչ Դոնալդ Թրամփը մեկնել է Լաս Վեգաս, որտեղ շարունակվում է հոկտեմբերի 1-ի ոճրագործության հետաքննությունը, ԱՄՆ-ի Կոնգրեսում հրազենի անվտանգության օրենքի բարեփոխումների շուրջ հանրապետականների և դեմոկրատների միջև թեժ քննարկում է ծավալվել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Լաս Վեգաս իր հարգանքի տուրքը մատուցելու հոկտեմբերի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Այցի շրջանակներում Թրամփը նաև հանդիպումներ է ունեցել տեղական իրավապահ մարմինների ղեկավարների հետ:

Լաս Վեգասի ոստիկանությունը պատրաաստվում է հարցաքննել 59 հոգու կյանք խլած մեծահարուստ թոշակառու Սթիվեն Փեդդոքի ընկերուհուն, ով նոր է վերադարձել Ֆիլիպիններից քննիչների հարցերին պատասխանելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմեբերի 2-ին Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցային համալիրի 32-րդ հարկի համարներից մեկից «Route 91» երաժշտական փառատոնի մասնակիցների դեմ կրակ բացած 64-ամյա Սթիվեն Փեդդոքն ինքնասպանություն էր գործել ոճրագործությունից անմիջապես հետո իր հյուրանոցային համարում:

Մինչ հետաքննությունը փորձում է բացահայտել ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ ամենադաժան զանգվածային սպանության մանրամասներն ու Սթիվեն Փեդդոքի շարժառիթները, Դոնալդ Թրամփը, ով առհասարակ հրազեն կրելու իրավունքի ջատագով է, Լաս Վեգասի ողբերգական սպանդից հետո, առաջին անգամ որպես նախագահ կողմ է արտահայտվել հրազենի վերահսկողությանը:

Թեև տարիներ շարունակ ԱՄՆ-ի «Հրազենի ազգային ընկերակցությունը» իր ազդեցիկ լոբիստների միջոցով ջանք ու միջոց չի խնայել զսպելու հրազենի վերահսկման և հրազեն կրելու իրավունքի դեմ ուղղված հանրային բանավեճերն ու հանրային քննարկումները, ԱՄՆ-ի Կոնգրեսում այս խնդրի շուրջ այսօր հանրապետականների և դեմոկրատների միջև թեժ քննարկումներ են ծավալվել:

Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը, Թրամփին դիմելով ընդգծել է, որ հիմա ԱՄՆ-ն ու Հանրապետական կուսակցությանը «Հրազենի ազգային ընկերակցության» ճանկերից ազատելու ամենահարմար պահն է: Շումերը նաև ավելացրել է, որ արդեն վաղուց հասունացել է պահը, որպեսզի հրազենի վերահսկողության և անվտանգության օրենքի բարեփոխումները հայտնվեն ամերիկյան հանրության ու Կոնգրեսի քննարկումների օրակարգում:

Հանրապետականները, ինչպես և վերջին տարիներին տեղի ունեցած յուրաքանչյուր զանգվածային ոճրագործությունից հետո, այս անգամ նունպես մեղադրում են դեմոկրատներին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ողբերգական սպանդը քաղաքականացնելու մեջ և հորդորում սպասել հետաքննության ավարտին:

Նշենք, որ ըստ Gun Violence Archive հասարակական կազմակերպության վիճակագրության՝ ԱՄՆ-ում 2016 թվականին 483, իսկ մինչև այս տարվա հոկտեմբերի 2-ը 273 զանգվածային սպանության դեպք է արձանագրվել ԱՄՆ-ում:

XS
SM
MD
LG