Մատչելի հղումներ

Փախստականների նկատմամբ անհանդուրժողականության աճ զարգացած երկրներում


Այս տարի ավելի քան 2 միլիոն մարդ դարձել է փախստական պատերազմների ու հետապնդումների արդյունքում: Սակայն վերջիններս ավելի ու ավելի շատ են առնչվում տարբեր սահմանափակումների հետ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Դրա մասին է հայտնում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«2016 թվականին բռնի տեղահանվածների թիվն աշխարհում կազմել է 65,6 միլիոն մարդ: Այս միտումը շարունակվում է վերջին 5 տարիների ընթացքում: 2017 թվականին ավելի քան 2 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը և դարձել փախստական: Նրանք սահմանային անցակետեր են հասնում արդեն հիվանդ, հյուծված և հոգեբանորեն ճնշված: Աղքատությունն ու զրկանքները թողնում են իրենց հետքը»,- նշում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Նրանց թվում են 650 հազար փախստականներ Հարավային Սուդանից և 500 հազար մահմեդականներ Ռոհինգյայից, ովքեր հեռացել են Մյանմարում վերջին շաբաթներում ծագած բռնությունների պատճառով:

Ֆիլիպո Գրանդին անդրադարձել է նաև փախստականների նկատմամբ անհանդուրժողականության աճին աշխարհում:

«Սահմանների փակումը, փախստականների մուտքի և ապաստանի տրամադրման սահմանափակումները, ստիպողական վերադարձը կամ փախստականների մեկուսացումը զգալիորեն աճել են: Աճել է նաև անհանդուրժողականությունը փախստականների նկատմամբ: Մենք այս ամենը նկատում ենք աշխարհի բազմաթիվ մասերում, ներառյալ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եվրոպայում և զարգացած այլ երկրներում»,- հայտնում է Գրանդին:

Դրա հետ մեկտեղ, ըստ գերագույն հանձնակատարի, աշխարհում գրանցվում է փախստականների վերաբնակեցման վայրերի քանակի նվազում:

«Մոտ 1,2 միլիոն փախստականներ ունեն վերաբնակեցման անհրաժեշտություն: Ցավալի է, սակայն վերաբնակեցման վայրերի քանակը նվազել է 2016 թվականին 43 տոկոսով՝ 100 հազարից պակաս»,- տեղեկացնում է գերագույն հանձնակատարը:

ՄԱԿ-ի փախստակաների գծով գերագույն հանձնակատարն ընդգծում է, որ փախստականների խնդիրը ոչ միայն կապված է սկզբունքների ու արժեքների, այլ նաև տարածաշրջանային ու գլոբալ կայունության հետ: Նա ընդգծում է, որ փախստականների անվտանգությունն ու պաշտպանությունն ընդհանուր հարց է, որը պետք է լուծվի համընդհանուր ուժերով:

Facebook Forum

XS
SM
MD
LG