Վերջին շրջանում Ադրբեջանում գրանցված հերթական ճնշումները մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ստիպում եմ ԱՄՆ օրենսդիրներին ավելի լուրջ քայլերի դիմել։
«Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության համատեքստում իրավիճակը կարելի է բնութագրել որպես չափազանց ծանր»,- նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
Օգոստոսին Ադրբեջանում կալանավորվեց Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Սառեցվել էր լրատվամիջոցի բանկային հաշիվը, իսկ գործակալության գրասենյակում հարկային մարմիններն անցկացրեցին ստուգումներ: Հետագայում Մեհման Ալիևի կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով:
«Վերջին իրադարձությունը, կապված Ադրբեջանում առաջին և այս պահին միակ անկախ լրատվամիջոցի՝ Թուրանի ղեկավարի կալանավորման և ազատ արձակման հետ, փաստում է, որ այստեղ վերանում են ազատության կղզյակները»,- ասում է Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան TV լրատվամիջոցի գործադիր տնօրեն Էմին Միլլին:
Թուրանի նկատմամբ բռնաճնշումները միջազգային ասպարեզում քննադատության նոր ալիք բարձրացրեցին ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս խորը մտահոգություն հայտնեց այս առիթով, իսկ ԱՄՆ-ի Սենատում առաջ քաշվեց սենատոր Դիք Դրբինի նախաձեռնությունն՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին:
«Այն ինչ տեղի ունեցավ կրկնություն էր նախկինում տեղի ունեցած զարգացումների, երբ լրագրող Հաջիջա Իսմայիլովան ձերբակալվեց, իսկ կոնգրեսական Քրիս Սմիթն առաջարկեց պատժամիջոցների կիրառում: Ադրբեջանի իշխանությունները գիտակցեցին, որ կարող են ենթարկվել պատժամիջոցների և ազատ արձակեցին Իսմայիլովային»,- ասում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը:
«Սա ընդամենը շարունակություն է այն վարքագծի, որ դրսևորում են Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ՝ երկրում վերացնելով անկախ լրատվամիջոցի համար ազատ գործելու տարածությունը»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:
Վերլուծաբանները համամիտ են, որ Ադրբեջանում մամուլի և ազատության նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների սպառնալիքն է:
«Կարծում եմ իշխանություններին զարմացրեց սենատոր Դրբինի նախաձեռնությունը: Ամեն դեպքում միայն դրանից հետո Թուրան գործակալության տնօրենի բանտարկման միջոցը փոխարինվեց տնային կալանքով»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:
«Ակնհայտ է, որ Ալիևին մտահոգում է դեպի Արևումուտք ելք ունենալու հնարավոր սահմանափակումը, քանի որ այնտեղ է գտնվում նրա ֆինանսական միջոցների մեծ մասը: «Մագնիտցկու ցուցակի» օրինակով ճնշումներն արդյունավետ են Ադրբեջանի պարագայում»,- ընդգծում է Սանամյանը:
Ըստ Էմիլ Սանամյանի, պատժամիջոցների բացակայությունը նախկինում նպաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեն ճնշել ազատ խոսքն ու մամուլը երկրում:
«Ադրբեջանի նկատմամբ բարեփոխումներ իրականացնելու կամ առնվազն մամուլի ճնշումները դադարեցնելու պահանջով համապատասխան սահմանափակումների բացակայության պարագայում, ամենայն հավանականությամբ, նման ճնշումները կշարունակվեն»,- ընդգծում է Սանամյանը:
Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը դրսևրում է շարունակականություն:
«Նրանք մտահոգություն հայտնեցին Թուրանի տնօրենի կալանավորման առիթով: Նույն առիթներով արձագանքում էր Օբամայի վարչակազմը, ուստի դա վկայում է, որ վարչակազմի քաղաքականությունը նման բացասական երևույթներին արձագանքելու առումով փոփոխության չի ենթարկվել»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:
Facebook Forum