Մատչելի հղումներ

Իրաքի քրդերը նախընտրեցին անկախանալ


«Մեր ուղերձն աշխարհին մեկն է՝ Քրդստանում ապրող քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ցանկանում է ապրել խաղաղ եւ ժողովրդավար», - այսպես է բարձրաձայնել անկախության հանրաքվեի մասին Քրդստանի վարչապետ Նեչերվան Բարզանին, ելույթ ունենալով շրջանի մայրաքաղաք Իրբիլում:

Երկուշաբթի Քրդստանում անցած հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակվելու են երեք օր անց, սակայն արդեն իսկ պարզ է, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին: Բարզանիի խոսքով սակայն դա չի նշանակում Քրդստանի անմիջապես անկախացում Իրաքից.

«Մենք ընդամենը ցանկանում ենք աշխարհին հայտնել մեր քաղաքացիների կամքը, հայտնել աշխարհին, որ մենք ցանկանում ենք անկախության հասնել ժողովրդավարական ճանապարհով, Բաղդադի հետ երկխոսության եւ բանակցությունների միջոցով»:

Չնայած Քրդստանի ղեկավարների հայտարարություններին, անցած անկախության հանրաքվեն մտահոգել է ինչպես Իրաքին, այդպես էլ հարեւան Իրանին եւ Թուրքիային, որոնց անհանգստացնում է սեփական քուրդ բնակչության շրջանում անկախացման միտումները:

Իրաքցի լրագրող Ռաադ Մոհամադի խոսքով, հանրաքվեն կարող է Իրաքի պառակտման սկիզբը հանդիսանալ.

«Սա անընդունելի է Իրաքի ժողովրդի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների համար, որոնք չեն ճանաչել հանրաքվեն»:

Իրավաբան Թարիք ալ Զուբայդիի խոսքով, ահաբեկիչ Դաեշի դեմ պայքարի պայմաններում հանրաքվեի անցկացումն անտեղի է.

«Երկիրը բարդ ժամանակաշրջանում է, ինչը համախմբում է պահանջում»:

Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը զգույշ է արձագանքել հանրաքվեին՝ առաջնահերթությունը տալով ահաբեկչության դեմ պայքարին.

«Հույս ունենք, որ միավորված իրաքը կոչնչացնի Դաեշը եւ որ միավորված Իրաքը կհակազդի Իրանին»:

Քրդստանի բնակիչները սակայն հիշեցնում են, որ անցած հանրաքվեն ուղերձ էր աշխարհին.

«Ես քվեարկեցի «այո», որովհետեւ մենք ցանկանում ենք ազատ լինել, լիովին ազատ, չլինել ոչ ոքի իշխանության տակ», - ասում է քուրդ Յուսեֆ Սուլեյմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG