Ռուսաստանն իրականացնում է սառը պատերազմից հետո ամենախոշոր միասնական զորավարժությունները Բելառուսի հետ: Երկու երկրները հայտարարել են, որ դրանք պաշտպանողական բնույթի են երկրների արևմտյան սահմանային շրջանում:
«Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց զորավարժությունների նոր փուլ, որի ընթացքում մենք կձեռնարկենք գործողություններ Ռուսաստանի ու Բելառուսի միասնական պետության դեմ հարձակումը կանխելու համար»,- հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարի խոսնակ Վլադիմիր Մակարովը:
Սակայն որոշ փորձագետների կարծիքով զորավարժություններում առկա են հարձակողական տարրեր՝ Լեհաստանի ու Լիտվայի նման երկու երկրներ ներխուժելու սցենարով:
«Մենք տեսել ենք 4 կամ 8 տարվա վաղեմության զորավարժությունները և մեզ համար պարզ է, թե ինչպիսին են այս զորավարժություններն անկախ պաշտոնական սցենարից: Մասամբ իհարկե դրանք պարունակում են պաշտպանողական բնույթի գործողություններ հայտնի չէ՝ ում դեմ, սակայն սցենարում և զորավարժությունները հստակ ուրվագծվում են հարձակողական բնույթի գործողություններ, ներառյալ Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի դեմ»,- ասում է Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի փորձագետ Քալև Ստոիչեսքուն:
Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Բելառուսն ունի Ռուսաստանի ներխուժման հետ կապված մտահոգվելու ավելի մեծ առիթ, քան ՆԱՏՕ անդամ երկրները, քանի որ Մոսկվան միշտ կարող է գտնել առիթ՝ Բելառուս ներխուժելու համար, իսկ բախումը ՆԱՏՕ-ի հետ չի բխում Մոսկվայի շահերից:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միասնական զորավարժություններին մասնակցում են ռուսական ավելի քիչ զինծառայողներ, քան Բելառուսի մասնակից 7 հազարանոց ստորաբաժանումը:
«Զորավարժությունների սկզբից 3 հազար ռուսական զինծառայողներ ժամանել են Բելառուս: Ուրիշ որևէ այլ ստորաբաժանում չի եկել»,- հայտարարել է խոսնակ Վլադիմիր Մակարովը:
«Զապադ 2017» զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 20-ին: Երկուշաբթի օրը Ռուսաստանը նախատեսում է մեկ այլ ծովային ու ցամաքային ռազմական զորավարժություններ սկսել իր արևելյան սահմաններին այս անգամ Չինաստանի հետ: Հուլիսին Բալթիկ ծովում երկու երկրներն արդեն անցկացրել են ծովային զորավարժություններ: Այս նոր զորավարժությունները միտված են բարելավելու անվտանգությունը համաշխարհային ջրերում, սակայն շատերը դրանք դիտարկում են որպես գործողություններ ընդդեմ ՆԱՏՕ-ի:
Facebook Forum