Միացյալ Նայանգները պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսությունը եւ հյուպատոսի առանձնատունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ռուսաստանյան առեւտրային ներկայացուցչությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ: Ռուսաստանը պետք է կատարի Միացյալ Նահանգների պահանջը մինչեւ սեպտեմբերի 2-ը:
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմի «չարդարացված եւ երկկողմ հարաբերություններին վնասող» գործողությունների, որոնցով պաշտոնական Մոսկվան կրճատել էր Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը:
Միացյալ Նահանգների որոշման մասին ռուսական իր գործընկերոջը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ռուսական կողմը շարունակելու է մնալ շենքերի սեփականատերը, սակայն, իրավունք չի ունենալու այլեւս օգտագործել դրանք դիվանագիտական որեւէ նպատակով, բայց կարող է վարձակալության հանձնել կամ վաճառել դրանք: Նույնիսկ այդ արգելքից հետո Ռուսաստանը շարունակելու է ԱՄՆ-ի տարածքում ավելի շատ դիվանագիտական շենքեր ունենալ, քան ունի Միացյալ Նահանգները Ռուսաստանում: Ամերիկյան կողմը նաեւ չի պահանջելու, որպեսզի Սան Ֆրանցիսկոյում կամ որեւէ այլ տեղ աշխատող ռուսաստանյան դիվանագետները հեռանան երկրից: Նրանք կարող են շարունակել աշխատել թույլատրված դիվանագիտական շենքերում:
Facebook Forum