Օգոստոսի 24-ին Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրվել է նահանգապետի գրասենյակում Հայ դատի հանձնախմբի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր երախտագիտություն են հայտնել նահանգապետին հռչակագրի ընդունման համար: Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հռչակագիրը ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից ասորիների, հույների և սիրիաքցիների կոտորածների փաստը:
Հռչակագրի ընդունմամբ Այովայի նահանգային իշխանությունների կողմից ճանաչվեց Հայոց Ցեղասպանության փաստը: Այս տարվա հոկտեմբեր ամիսը հայտարարվեց Հայերի հիշատակին նվիրված ամիս՝ այսպիսով հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հռչակագրի ընդունումը հնարավոր դարձավ մի շարք կառույցների՝ ի դեմս Հայ դատի հանձնախմբի, Այովան հանուն Հայաստանի նախաձեռնության, տեղի հայ համայնքի, մարդու իրավունքների պաշտպանության խմբերի, ինչպես նաև Իրաքցի քրիստոնյաների օգնության խորհրդի ու Ֆիլոս ծրագրի համախմբված ջանքերի շնորհիվ:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքը, Այովայի բնակչությունը տարիներ ի վեր աջակցություն է ցուցաբերել ցեղասպանությունը վերապրած հայ գաղթականներին 1915-1930 թվականների ընթացքում Neasr East Relief կամ Մերձակա Արևելքի օգնության նախաձեռնության միջոցով: Այովայի տարբեր հաստատություններ կատարել են նվիրատվություններ ի օգուտ ցեղասպանություն վերապրածների:
Այովան դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Այս պահին ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւեր են ընդունել ամերիկյան բոլոր նահանգները բացառությամբ Ինդիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգների:
Facebook Forum