Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ինքն անձամբ ասել է Իրաքի քրդերի պաշտոնական ներկայացուցիչներին, որ նրանց որոշումը անկախության հանրաքվե անցկացնելու մասին սխալ է: Անկարան ակնկալում է, որ այն կվերանայվի:
«Էրբիլի ձեռնարկած քայլերը ճիշտ չեն: Մենք դա ուղիղ ասել ենք իրենց: Քրդստանի շրջանի դրոշի ծածանումը Քըրքուքի կառավարական և պետական մասնաշենքների վրա հակասում է Իրաքի սահմանադրությանն ու սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Բաղդադում իր իրաքյան գործընկեր Իբրահիմ ալ Ջաաֆարիի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
ԱՄՆ-ը և արևմտյան այլ տերություններ մտահոգված են, որ հանրաքվեն կարող է նոր հակամարտություն հրահրել տարածաշրջանում, որի արդյունքում ուշադրությունը կշեղվի Դաեշ-ի դեմ պայքարից:
Քրդերը պայքարում են անկախ պետականության համար Առաջին աշխարհամարտի տարիներից ի վեր: Գաղութատիրական պատերազմների արդյունքում քուրդ ազգաբնակչությունը բնակվում է այսօրվա Թուրքիայի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի տարածքներում: Վերջիններս դեմ են քրդերի անկախացմանը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի կառավարությունը հրաժարվել է ճանաչել հանրաքվեն և անվանել է այն միակողմանի ու հակասահմանադրական:
Թուրքիայի ու Իրաքի արտգործնախարարներն անդրադարձան նաև Իրաքում թուրքական զորքերի տեղակայման խնդրին:
«Մենք քննարկել ենք թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը Բաշիքայից: Թուրքիայի զորքերն այնտեղ են տեղակայված արդեն մոտ 2 տարի՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ից»,- ասել է Իրաքի արտգործնախարարը:
«Բաշիքայում մեր զորքերի տեղակայման նպատակն Իրաքի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը չէ: Այստեղ իրաքյան զինվորները վերապատրաստվել են և զինվել՝ Դաեշ-ի դեմ պայքարելու համար»,- ընդգծել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործանխարարի այցն Իրաք շարունակվում է: Չավուշօղլուն նախատեսում է այցելել Հյուսիսային Իրաքում Քրդական շրջանի մայրաքաղաքԷրբիլ:
Facebook Forum