Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որստացել է նախագահ Թրամփի հավաստիացումը, որ ԱՄՆ-ը կստանա Սեուլի համաձայնությունը՝ նախքան Հյուսիսային Կորեայի դեմ որևէ ռազմական գործողություն իրականացնելը՝ կապված վերջինիս հրթիռային ու միջուկային ծրագրերի հետ:
Նախագահ Մուն Ջայինի մեկնաբանությունը հրապարակվել է այն պահին, երբ մեծացել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախման հավանականությունը։
«Միայն Հարավային Կորեան կարող է կայացնել որոշում Կորեական թերակղզում ռազմական գործողությունների մասին: Առանց Հարավային Կորեայի ոչ ոք չի կարող նման որոշում կայացնել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է լիովին համագործակցել և ստանալ մեր համաձայնությունը՝ նախքան որևէ գործողության դիմելն ընդդեմ Հյուսիսային Կորեայի»,- ասել է նախագահ Մունը:
Մունը նաև նշել է, որ պատրաստվում է բանագնաց ուղարկել Հյուսիսային Կորեա՝ դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորմանը հասնելու համար: Թե՛ երկու Կորեաները և թե՛ ԱՄՆ-ը վերջին օրերին ակնարկել են, որ ցանկանում են կասեցնել ճգնաժամի խորացումը: Յուրաքանչյուր կողմն առաջ է քաշում բանակցությունների վերսկսման սեփական պայմանները:
Facebook Forum