«Հեզբոլլահ» շարժման զինյալների ռազմական գործողություններն ընդդեմ «Ալ-Նուսրա ճակատ»-ի առաջացրել էին խաղաղ ազգաբնակչության արտահոսք Առսալ քաղաքի տարածքից, որոնք գտնվում էին «Ալ –Նուսրայի» վերահսկողության տակ: Փախստականներից շատերը բողոքում են շիա զինյալների գործողություններից:
Տեղահանվածներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պատմում է.
«Մենք գտնվում էինք Քուսայրում և ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը տեղահանեց մեզ: Այնտեղից մենք տեղափոխվեցինք Լիբանանի Առսալ քաղաք, իսկ ավելի ուշ տեղահանվեցինք նաև այնտեղից: «Հեզբոլլահ»-ի զինյալները շատերին ձերբակալեցին և նետեցին բանտեր: Նրանցից ոմանք մահացան այնտեղ, մի մասը՝ փրկվեց: Նրանց գործողությունների արդյունքում մենք ատեցինք Առսալը: Այնուհետև մենք տեղահանվեցինք Իդլիբ: Այժմ չգիտեմ, ուր ենք գնում: Մեր վիճակը չափազանց ծանր է: Աստված մեզ մոռացել է»,- ասում է տեղահանվածներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Մեկ այլ փախստական էլ ևս բողոքում է շիա խմբավորման գործողություններից՝ ընդգծելով, որ նրանք ձերբակալել են մի քանի հարյուր տեղահանվածների, որոնցից մի քանի տասնյակը սպանվել է բանտերում:
«Առսալից մեր հեռացման պատճառը լիբանանյան բանակի անարդար գործողություններն էին: Նրանք անմարդկային ու անխիղճ վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն մենք համբերատար դիմանում էինք և ապավինում Աստծո օգնությանը: Մեզ օգնեցին նաև մեր եղբայրներն Առսալից: Աստված իրենց պահապան: Լիբանանյան բանակը հարձակվում էր ճամբարների վրա, քանդում վրանները, ձերբակալում կամ սպանում մարդկանց: Մոտ 400-500 հոգի ձերբակալվեցին, որոնցից մոտ 50-60-ը սպանվել են: Նրանց մարմինները սակայն չկան»,- ասում է մեկ այլ տեղահանված փախստական, ով ևս չցանկացավ ներկայանալ:
Հիշեցնենք, որ «Հեզբոլլահ» խմբավորումն ակտիվ ռազմական գործողություններ էր սկսել ընդդեմ «Ալ-Նուսրա»-ի, որի արդյունքում գրանցել էր որոշ հաջողություններ: Կողմերը կնքել են զինադադար Լիբանանի պետական կառույցների միջնորդությամբ, որով «Ալ-Նուսրա»-ն պարտավորվում է հեռանալ Առսալի շուրջ ընկած տարածքներից:
Facebook Forum