Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին այս քայլը որակել է քաղաքական հաշվեհարդարի փորձ:
«Սա գործող նախագահի կողմից փորձ է՝ հեռացնելու իր քաղաքական մրցակցին երկրից: Չափազանց սովետական աշխատաոճ է, շատ նման է Խորհրդային Միությանը»,- ասում է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին կասկածի տակ է դնում հրամանագրի օրինականությունը: Նրա կարծիքով հրամանագիրն անօրինական է և խախտում է Ուկրայինայի սահմանադրությունը: Նա այս հարցում մեղադրում է գործող նախագահ Պորոշենկոյին և նրա շրջապատին:
Անդրադառնալով Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակին՝ նա ընդգծել է, որ գործող վարչակազմն, ի դեմս նախագահի, ունի չափազանց ցածր վարկանիշ :
«Սա այն գործիչն է, ով խափանեց բոլորի սպասումները: Նրա ներկայիս վարկանիշն իջել է մինչև միանիշ թվերի: Դա տխուր է իրականում»-, նշել է Սաակաշվիլին:
Նա հավաստիացնում է, որ շարունակելու է պայքարել Ուկրաինայի ապագայի համար՝ ընդգծելով, որ չի պատրաստվում դիմել այլ երկրի՝ քաղաքացիություն ստանալու համար, մասնավորապես Հոլանդիային: Հիշեցնենք, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Միխեիլ Սաակաշվիլիին զրկում են քաղաքացիությունից: Նախքան Պորոշենկոյի հրամանագիրը Վրաստանի իշխանությունները զրկել էին նախկին նախագահին նաև Վրաստանի քաղաքացիությունից:
«Ես պետք է գտնեմ այս իրավիճակից լուծում, այլ ոչ թե նայեմ այլ երկրների»,- ասում է Սաակաշվիլին:
Այս պահին քաղաքական գործիչը գտնվում է Միացյալ Նահանգներում, ուր տարբեր հանդիպումներ է ունենում քաղաքական վերնախավի հետ: Նա ընդգծում է ԱՄՆ-ի քաղաքական աջակցության անհրաժեշտությունը Ուկրայինային:
«Մենք պետք է հավաստիանանք, որ Ուկրաինան ունի աջակցություն Կոնգրեսում երկու կուսակցությունների կողմից: Ես այստեղ եմ, որ քարոզեմ այս մոտեցումը»,- նշել է Օդեսայի նախկին նահանգապետը:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ Սաակաշվիլին նշել է, որ միշտ հավատացել է, որ նախագահ Թրամփը, լինելով ուժեղ անձնավորություն, երբեք չի դառնա պուտինամետ, քանի որ Պուտինի և Թրամփի հայացքներն ու շահերը երբեք չեն համընկել: Նրա կարծիքով ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կապված է Մոսկվայում առկա վարչակազմի հետ:
«Յուրաքանչյուր ամերիկյան վարչակազմ, բացառությամբ Ռեյգանի, ցանկացել է հարաբերությունները բարելավել Ռուսաստանի հետ: Սակայն իրականությունը այլ է, և այդ իրականությունը խանգարում է շտկել իրավիճակը, քանի դեռ Մոսկվայում ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է Սաակաշվիլին։
Նա վստահ է, որ քաղաքացիությունից իրեն զրկելու փաստի հետևում կանգնած է Մոսկվան:
Facebook Forum