Մատչելի հղումներ

Թրամփի որդին և փեսան հաջորդ շաբաթ վկայություն կտան


Չնայած Դոնալդ Թրամփ կրտսերի հայտարարությանը՝ հաջորդ շաբաթ Ջարեդ Քուշներն ու Թրամփ կրտսերը պետք է վկայություն տան ռուս փաստաբան Նատալիա Վեսելնիցկայայի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ:

ԱՄՆ-ի նախագահի ավագ որդին և փեսան՝ Ջարեդ Քուշները, ով ներկայումս զբաղեցնում է Սպիտակ տան ավագ խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև՝ Թրամփի նախընտրական արշավի տնօրեն Փոլ Մանաֆորթը, հաջորդ շաբաթ պետք է վկայություն տան 2016 թվականի հունիս ամսին ռուս փաստաբանի հետ ունեցած իրենց գաղտնի հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ միջնորդավորված հանդիպման կազմակերպիչը Դոնալդ Թրամփ կրտսերի հետ կապվել էր էլեկտրոնային նամակով՝ տեղեկացնելով վերջինիս, որ Նատալիա Վեսելնիցկայան տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որը հարված կհասցնի Քլինթոնի քաղաքական հեղինակությանը:

Նշենք, որ Դոնալդ Թրամփ կրտսերը վերջերս հայտարարել էր, որ ռուս փաստաբանից ոչ մի արժեքավոր տեղեկատվություն ձեռք չի բերվել: Նատալիա Վեսելնիցկայան իր հերթին հայտնել է իր պատրաստակամությունը՝ պատասխանելու ԱՄՆ-ի օրենսդիրների հարցերին:

«Եթե Սենատը ցանկանում է լսել իրական, ճշմարիտ պատմությունը, ես մեծ պատրաստակամությամբ կպատմեմ նրանց, թե ինչ էի ցանկանում պատմել պարոն Թրամփին,և այն, ինչ ցանկանում էի հայտնել Կոնգրեսին անցյալ տարի՝ չնայած որ ծրագրերը փոխվեցին: Ես գիտեմ, որ միլիոնավոր դոլարներ են մտել Ռուսաստան և հետո՝ բազմապատկված միլարդներով վերադարձել ԱՄՆ, որոնց համար ոչ մի հարկ չի վճարվել: Իսկ, թե ում գումարներն են դրանք, այդ արդեն ԱՄՆ-ի պարզելու հարցն է»,- հայտարարել է Վեսելնիցկայան:

Թրամփի որդու և ոուս փաստաբանի գաղտնի հանդիպման հակասական մանրամասները նոր ալիք են հաղորդել Պուտինի և Թրամփի թիմի միջև գաղտնի նախահամաձայնության գործին, որը ներկայումս հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի, և Կոնգերսի մի քանի անձնաժողովների կողմից:

Հիշեցնենք, որ ըստ ենթադրությունների՝ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հաքերային հարձակումների միջոցով ազդելու ներկայացումը անձամբ բեմադրել և ուղղորդել է Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Թրամփին աջակցելու նպատակով:

Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը փորձում է նաև պարզել, թե արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելով՝ Թրամփը փորձել է խոչընդոտել Միացյալ Նահանգների անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետաքննությանն ու արդարադատության իրականացմանը։

XS
SM
MD
LG