«Մենք չենք լռելու», - այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ եւ եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների:
«Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», - նշում է կոնգրեսական Մքգավերնը:
Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով, նա երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում.
«Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան եւ միապետությունը»:
Չնայած շոգ եւ խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ եւ եզդի տասնյակ ամերիկացիներ:Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է.
«Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»:
Համբարյանի կարծիքով, տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաեւ Թուրքիայի դեսպանությունից, սակայն, տեսանյութի հրապարակման պահին պատասխան դեռեւս չէր ստացել:
Ցույցին միացած կոնգրեսականների խոսքով, Թուրքիայի նախագահը փորձեց իր երկրի ներսում հալածանքների եւ ճնշումների գործելաոճը տարածել նաեւ ամերիկյան հողի վրա.
«Փողոցի այն կողմից նա ուղարկեց իր ավազակներին, որպեսզի ծեծի ենթարկեն բողոքի իրենց իրավունքից օգտվող մի խումբ ամերիկացիների»:
Ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերի խոսքով, Միացյալ Նահանգների ժողովրդից ներում ստանալու համար Էրդողանը պետք է ամերիկյան դատարանին հանձնի ծեծին մասնակցած անձնական թիկնապահներին.
«Մինչեւ ներողություն չխնդրի Ամերիկայի ժողովրդից այն բանի համար, որ իր ավազակները ծեծի են ենթարկել Ամերիկայի քաղաքացիների, Էրդողանին Միացյալ Նահանգներում ոչ ոք չի սպասում»:
Բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսը դեսպանի նստավայրի առջեւ էին եկել սաղավարտներով, հիշեցնելով Թուրքիայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման մասին:
Նախկին դատավոր, իսկ այժմ կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ եկել է հիշեցնելու բոլորին, որ ամերիկյան հողն ազատ հող է.
«Միայն այն միտքը, որ արտերկրյա բռնակալ կարող է Միացյալ Նահանգներ գալ եւ հենց այնտեղից իր մարդկանց ուղարկել ամերիկացիներին ամերիկյան հողում ծեծի ենթարկելու, ինքնին անհեթեթ է»:
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է միջադեպը եւ արգելել Թուրքիային որոշ զինատեսակների վաճառքը: Միացյալ Նահանգները նաեւ պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցների:
Facebook Forum