Մատչելի հղումներ

Վերլուծաբանները ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցների հաստատման գործընթացը անարդյունավետ են որակում


Բրիտանացի վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ-ի և Եվրամիության համատեղ պատժամիջոցների հաստատման ու կյանքի կոչման գործընթացը ներկայումս ժամանակատար է և անարդյունավետ:

Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը դրդեց ԱՄՆ-ին Փհենյանի, ինչպես նաև՝ վերջինիս հետ տնտեսեական կապեր ունեցող ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:

«Մենք մտադիր ենք տեղեկացնել այս ընկերություններին հստակ ընտրության մասին. Դուք կարող եք գործնական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի, կամ Հյուսիսային Կորեայի հետ, բայց ոչ՝ երկու երկրների հետ միաժամանակ», - հայտարարել է Մերիլենդի դեմոկրատ սենատոր Քրիս վան Հոլենը:

ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Փհենյանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների բնույթը վերջերս հրապարակված զեկույցի հեղինակ, փորձագետ Էմիլ Դալը հատվածական և անարդյունավետ է որակում:

«Զեկույցը անդրադառնում է Փհենյանի հետ ֆինանսական գործարքներ իրականացրած արտասահմանյան ընկերություններին, ներկայումս չգործող կեղծ, կամ՝ պատյան հանդիսացող ընկերություններից կազմված ցանցին, որոնք պարզապես ներառված չեն պատժամիջոցների ցուցակում», - ասում է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտից Էմիլ Դալը:

Դալը ընգծում է, որ իր կողմից նշված օրինակները կարևոր են արդյունավետ համակարգման տեսանկյունից: P5 + 1 երկրների դաշինքի՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի և Իրանի հետ համատեղ համալիր գործողությունների մասին ծրագրի ստորագրումից անցել է երկու տարի: Ըստ համաձայանգրի՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը պարտավորվում էին չեղարկել Թեհրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, եթե Իրանը սահմանափակումներ մտցներ իր միջուկային ծրագրում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և արևելյան Ուկրաինա ներխուժումից հետո ԱՄՆ-ը և Եվրամիությունը նմանատիպ պատժամիջոցներ կիրառել էին նաև Ռուսաստանի քաղաքացիների և ռուսաստանյան ընկերությունների դեմ: Փաստացիորեն,սակայն, Եվրամիության պատժամիջոցները հաճախ անտեսվում են:

Փորձագետ Էմիլ Դալի կարծիքով, պատժամիջոցների շուտափույթ կյանքի կոչման համար կան որոշակի խոչընդոտներ: Խնդիրներից մեկն այն է, որ Եվրամիության անդամ երկրները նախ պետք է գաղտնի և միաձայն քվեարկեն պատժամիջոցների օգտին: Բարդ և խնդրահարույց են նաև եվրոպական դատարանների իրավական գործընթացները:

ԱՄՆ-ի օրենսդրական համակարգը, այս առումով ավելի ճկուն է, ինչի շնորհիվ պատժամիջոցների հաստատման և վավերացման գործընթացը տեղի է ունենում ավելի արագ և կարճ ժամկետներում: Դալը գտնում է, որ պատժամիջոցների ավելի արագ ու արդունավետ կյանքի կոչման համար հարկավոր է ամրապնդել ու կատարելագործել ԱՄՆ-ի և Եվրամիության օրենսդիրների համագործակցությունը:

XS
SM
MD
LG