Վերջին օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում էր քննադատել մամուլին իր որդի Դոնալդ Թրամփ կրտսերի նկատմամբ իր կարծիքով անարդար վերաբերմունքի համար: Սակայն, ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մատնանշում են, որ Թրամփ կրտսերը ռուսաստանցի փաստաբանի հետ հանդիպման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ է արել:
«Սկզբում նա ասաց, որ հանդիպում չի եղել, այնուհետեւ՝ որ այն նվիրված էր երեխաների որդեգրմանը, որից հետո ընդունեց, որ հանդիպումը Քլինթոնի մասին տեղեկատվության ձեռք բերման նպատակով էր: Այնպես որ, Դոն կրտսերի ասածները չենք կարող ընդունել, ինչպես նաեւ՝ նախագահի ասածը այս հարցի շուրջ», - ասում է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նախագահ Թրամփի փաստաբանները սակայն համաձայն չեն:
«Դոնալդ Թրամփ կրտսերն ինքը ասել էր, որ պետք էր այլ կերպ գործել, չնայած, որ օրենքի խախտում չկար», - նշում է նախագահ Թրամփի փաստաբան Ջեյ Սեկուլովը:
Փաստաբանների խոսքով, Դոնալդ Թրամփ ավագը տեղյակ չէր հանդիպումից: Թրամփ կրտսերն այդուհանդերձ այս շաբաթ հրավիրված է նաեւ Սենատի Դատաիրավաբանական հանձնաժողով՝ հանդիպման շուրջ պարզաբանումներ տալու:
«Ուրախ եմ թափանցիկ լինել եւ համագործակցել այս հարցում բոլորի հետ», - հայտարարել է կրտսեր Դոնալդ Թրամփը:
Միեւնույն ժամանակ, հանրապետականները հետաձգում են նախագահ Թրամփի առաջարկած առողջապահության բարեփոխումների ծրագրի շուրջ քվեարկությունը՝ փորձելով Սենատում ձայների մեծամասնություն ապահովել: Խնդիրն այն է, որ ծրագրին դեմ է ոչ միայն ամբողջ Դեմոկրատական կուսակցությունը, այլեւ՝ որոշ հանրապետականներ:
«Այն կարող է բարձրացնել առողջապահության ապահովագրման արժեքը, հատկապես նրանց համար, ովքեր նախկինում խնդիրներ ունեին առողջության հետ», - նշում է հանրապետական սենատոր Սյուզան Քոլինզը:
Սպիտակ տունը հակազդում է:
«Վերջապես դուք կունենաք հրաշալի առողջապահություն՝ հասանելի գներով», - ասել է նախագահ Թրամփը:
Տասնյակից ավելի հանրապետականներ դեռեւս չեն հայտնել իրենք դիրքորոշումը հանրապետական նախագահ Թրամփի կողմից առաջարկված առողջապահական ապահովագրման նոր օրենքի շուրջ, որոշում, որը նրանք պետք է կայացնեն արդեն այս շաբաթ:
Facebook Forum