Մատչելի հղումներ

Կրեմլի քարոզչությու՞ն, թե՝ այլընտրանքային լրատվությու՞ն


Sputnik Radio in DC
Sputnik Radio in DC

Ռուսալեզու Sputnik ռադիոն, որը ըստ քննադատների՝ իրականացնում է Կրեմլի քարոզչությունը, եթեր է հեռարձակվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Ռուսաստանյան Sputnik ռադիոն հաղորդել է, որ արդեն սկսել է եթեր հեռարձակվել նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ հնարավորություն ընձեռելով ամերիկացիներին արժանահավատ տեղեկատվություն ստանալ՝ առաջին աղբյուրից:

«Մարդիկ շատ են լսել մեր մասին, սակայն, դժբախտաբար, մեր հաղորդումներին չեն հետևել: Այն լրագրողները, ովքեր անդրադարձել են մեզ, հաճախ չեն էլ հետևել մեր եթերին և չեն մեկնաբանել մեր գործունեությունը՝ ըստ հավուր պատշաճի», - գտնում է Sputnik ռադիոյի Վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Մինդիա Գավաշելին:

Ռուսաստանյան Sputnik ռադիոն և պետական ֆինանսավորմամբ մյուս ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ չեն իրականացնում Կրեմլի քարոզչությունը, և անդրադառնում են քննադատություն պարունակող հակաիշխանական տեսակետներին:

Ռուսական մամուլից քաջատեղյակ Ռոբերտ Օրթունգը, իհարկե, չի կիսում այս կարծիքը:

«Վերջիվերջո, հենց դա է հեռարձակողների նպատակը, հենց դա է, մեծ հաշվով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակը՝ խաթարել ամերիկյան ժողովրդի հավատը սեփական արժեքների և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ»,- գտնում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասախոս Ռոբերտ Օրթունգը:

Հիշեցնենք, որ ռուսալեզու Sputnik ռադիոն մայիս ամսին աշխատանքից ազատել էր Սպիտակ տան իր թղթակից Էնդրյու Ֆայնբերգին, ինչի արդյունքում վերջինսը համալրել է Կրեմլի ամենասուր քննադատների շարքերը:

«Այն, միանշանակորեն, քարոզչական ալիք է, և այն աղմուկը, որ իբր նրանք այլ ԶԼՄ-ների քննադատության թիրախում են՝ զավեշտ է: Նրանք հայտնի են թերի ճշմարտության, երբեմն էլ՝ սուտ տեղեկատվություն հաղոդելու համար», - հայտարարել է Sputnik ռադիոյի Սպիտակ տան նախկին թղթակից Էնդրյու Ֆայնբերգը:

Sputnik-ը հրաժարվեց մեկնաբանել իր նախկին աշխատակցի վրդովված հայտարարությունը և հերքեց դավադրությունների տեսությունների առցանց տարածման մասին շահարկումները:

«Հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ», - ասում է Sputnik ռադիոյի Վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Մինդիա Գավաշելին:

Իհարկե, Sputnik-ը շարունակում է հերքել Կրեմլի հակաարևմտյան քարոզչություն իրականացնելու վերաբերյալ տարածված կարծիքը՝ խորհուրդ տալով հետևել իրենց լրահոսին՝ պարզելու համար, այն այլըտնրանքային լրատվություն է, թե՝ քարոզչություն:

XS
SM
MD
LG