Չորեքշաբթի օրը Կահիրեում Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարները մեղադրել են Քաթարին՝ «Համաս»-ին և ահաբեկչական այլ խմբավորումների աջակցություն տրամադրելու մեջ: Պաշտոնական Դոհան, իր հերթին, մեղադրում է հարևան երկրներին սադրանքների մեջ և հերքում՝ բոլոր մեղադրանքները:
Քաթարի հարևանները Դոհայի պաշտոնյաներին պահանջների ցանկ էին ներկայացրել արդեն մեկ ամիս շարունակվող շրջափակումը դադարեցնելու համար:
«Սա քաղաքական և տնտեսական բոյկոտի ձև է: Այն կտևի այնքան մինչև Քաթարը բարեփոխի իր ներկայիս քաղաքականությունը: Մենք՝ բոլորս լիահույս ենք», -հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբայրը:
Կահիրեում կայացած հանդիպումից հետո Քաթարի չորս հարևան երկրների արտգործնախարարները նշել են, որ պաշտոնական Դոհան հրաժարվում է բավարարել ներկայացված պահաջները:
«Երեկվա հանդիպմանը մենք հասկացանք, որ Քաթարը ավելի շատ հետաքրքրված է ծայրահեղականության, սադրանքների և ահաբեկչության մեջ, քան՝ իր հարևանների և եղբայրների հետ լավ հարաբերությունների», - նշել է Միացյալ Արաբական Էմիրությունների արտգործնախարար Աբդուլահ բին Զայեդ ալ-Նահյանը:
Լոնդոնում Քաթարի արտգործնախարարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելով, ցանկանում են վնաս հասցնել Քաթարի հեղինակությանն Արևմուտքում:
«Մենք կարծում ենք, որ այս արշավը նախաձեռնել են Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները, և, ըստ իս, հարկավոր է պարզել, թե որոնք են նրանց իրական շարժառիթն ու դժգոհությունների պատճառը»:
Մինչ Պարսից ծոցի երկրների բարձրաստիճան պաշտոնյաները Քաթարին մեղադրում են «Համաս» և ծայրահեղական ահաբեկչական այլ խմբավորումների աջակցություն տրամադրելու մեջ, արևմտյան երկրները մտահոգված են, որ ստեղծված ճգնաժամը կարող է զանգվածային անկարգությունների ալիք առաջ բերել արդեն իսկ անկայունտարածաշրջանում: Սաուդյան Արաբիայում մայիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ Թրամփը վերոնշյալ երկրների ղեկավարներին հիշեցրել էր հակաահաբեկչության պայքարում կողմերի ստանձնած պարտավորությունների մասին: