Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը անդրադարձել է ԱՄՆ-ի Հետաքննություններին դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերթ Մուլլերի գլխավորած՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետաքննությանը և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին լուրերին:
Դոնալդ Թրամփն իր բարեմաղթանքներ է հղել հանրապետական կոնգրեսական Սթիվ Սկալիզին, ով նախորդ օրը իր աշխատակիցների և երկու ոստիկանների հետ հրազենային վնասվածք էր ստացել բեյսբոլի մարզումների ժամանակ տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
«Բազմաթիվ մարդիկ ուղարկում են իրենց սերն ու աջակցությունը Սկալիզների ընտանիքին», - հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը:
Թուիթերյան հաղորդագրություններում, ինչևէ, Թրամփն արտահայտել է իր վրդովմունքը Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի արդարադատության իրականացմանը և հետաքննությանը խոչընդոտելու լուրերին ՝ անվանելով սա «ամենամեծ վհուկների որսը ԱՄՆ-ի քաղաքական պատմության մեջ»:
Թրամփը նշել է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում ընթացող հետաքննությունների և լսումների արդյունքում ոչ մի ապացույց չի հայտանաբերվել: Նա նաև դիմել է իր քաղաքական հենարանին աջակցության համար:
«Ինչպես գիտեք, մենք պաշարման մեջ ենք: Դուք դա հասկանում եք: Բայց մենք այս ամենը կհաթահարենք և ավելի կհզորանանք», - հայտարարել է Թրամփը:
Մինչ դեմոկրատները չեն դադարում ճնշումներ գործադրել ներկայիս վարչակազմի վրա Ռուսաստանի միջամտության գործի առթիվ, չափավոր հանրապետականները մտահոգված են, որ նախագահ Թրամփի հետաքննության առնչվող թուիթերյան գրառումներն ու դրանց տոնայնությունը անտեղի ու անարդյունավետ է:
Փենսիլվանիայի կոնգրեսական Չարլի Դենթը կարծում է, որ, - «Ամեն անգամ, երբ այս հետաքննության գործում մի նոր մանրամասն է բացահայտվում, թուիթերյան փոթրիկ է սկսվում: Հարկավոր է ավելի զուսպ գտնվել»:
Եթե, նույնիսկ, հետաքննության ընթացքում ռուսների հետ Դոնալդ Թրամփի նախահամաձայնության վերաբերյալ արժանահավատ ապացույցներ ի հայտ գան՝ իրավական և քաղաքական հաջորդ քայլը կլինի Թրամփին անվստահություն հայտնելու հարցը, որը ըստ փորձագետ Քրիս Էդելսենի այս պահին իրատեսական չէ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատներում մեծամասնությունը կազմում են հանրապետականները:
«Թեև Թրամփի վարկանիշը նեկայումս շատ ցածր է, և նա շարունակում կորցնել իր աջակցությունը հանրապետական կուսկակցության ներսում՝ կարծում եմ մինչև շատ լուրջ խնդիր չլինի, դժվար թե Կոնգրեսի հանրապետականները խզեն հարաբերությունները նրա հետ», - գտնում է Էդելսենը:
Չնայած Դոնալդ Թրամփը սիրում է ինքնուրույն մարտեր մղել, ներկա պահին նա դեռ դեռ վայելում է Կոնգրեսի հանրապետականների աջակցությունը, ինչը հատկապես այս շրջանում չափազանց կարևոր է նրա համար: