Մատչելի հղումներ

Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են


Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը.

«Մենք ձերբակալման որոշում ենք ձեռք բերել Թուրքիայի հետեւյալ անվտանգության սպաների վերաբերյալ»:

Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, եւս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես.

«Վաշինգտոնն այն տեղն է, որտեղ մենք ողջունում ենք խաղաղ ցուցարարներին»:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա անվանեց հարձակում ամերիկյան արժեքների վրա.

«Մենք բազմաթիվ ցույցեր ենք հյուրընկալում, միլիոնավոր մարդիկ գալիս են այստեղ՝ իրենց կառավարության դեմ խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու նպատակով եւ մենք այդ ցուցարարների թիկունքին ենք եւ պատրաստ ենք ապահովել նրանց անվտանգությունը»:

Ազգությամբ եզդի, Հայաստանում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Լյուսի Ուսոյանը խաղաղ ցուցարարներից մեկն էր, ում Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել: Լյուսիի խոսքով, Ադրբեջանին աջակցող Էրդողանի դեմ ցույցի դուրս գալու հիմնական պատճառներից մեկն էր իր ազգական Քյարամ Սլոյանի սարսափելի սպանությունը նախորդ տարվա քառօրյա պատերազմի ընթացքում.

«Նախորդ տարի զարմիկս սպանվել է Լեռնային Ղարաբաղի առաջնագծում 80 հայ զինվորների հետ միասին: Նրան դաժան գլխատել էին: Եվ դա պատճառներից մեկն էր, որ ես բողոքի էի դուրս եկել»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հատուկ ընդգծեց իրավապահ մարմինների աշխատանքը.

«Ոստիկանությունն իր գործն արել է, իր ձերբակալությունները կատարել է, մեղադրանքները ներկայացրել: Այժմ ժամանակն է, որ արտգործնախարարությունը կոչ անի թուրքական կառավարությանը, որպեսզի այդ թիկնապահները հետ ուղարկվեն»:

Թուրքական կողմը տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգների իրավապահներին, հայտարարելով, որ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր եւ որ ցուցարարների ներկայությունը սպառնում էր Թուրքիայի նախագահի անվտանգությանը: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱՄՆ ժամանող արտերկրյա ղեկավարների անվտանգության ապահովմամբ զբաղվող Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Էրդողանի անվտանգությունը որեւէ պահի վտանգված չի եղել խաղաղ ցուցարարների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG