Մատչելի հղումներ

Նախկինում կրծքագեղձի քաղցկեղով տառապած կանանց հղիությունը խրախուսվում է


Չիկագոյում երեքշաբթի օրը «Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության» վեհաժողովի ընթացքում պարզ է դարձել, որ նախկինում կրծքագեզձի քաղցկեղով հիվանդ կանայք կարող են հղիանալ, որը նաև նպաստում է քաղցկեղի կրկնվելու հավանականության նվազեցմանը:

Կրծքագեղձի քաղցկեղով նախկին հիվանդների համար հղիության որոշումը հաճախ կապված է բարձր ռիսկայնության հետ:

«Դանա-Ֆարբեր» քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան Աննա Փարթրիջի խոսքերով, - «Երբ երիտասարդ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվում, քիմիաթերապիան և հորմոնային թերապիան քաղցկեղի կանխարգելման և բուժման բաղկացուցիչ կարևորագույն փուլերից մեկն է, որով նա հաճախ պետք է անցնի»:

Քաղցկեղի բուժմանը և կանխարգելմանը նպաստող դեղորայքի, այդ թվում՝ Տամոքսիֆենի (Tamoxifen) ընդունումը հղիության ընթացքում կարող է խնդիրներ առաջացնել, նույնիսկ՝ազդել բեղմնավորման վրա: Այդ պատճառով կանայք ստիպված են դադարեցնել հորմոնային թերապիան երեխա ունենալու համար:

Սառան և նրա ամուսինը դիմել են այդ ռիսկին:

«Շատ բարդ որոշում էր: Դժվար էր հրաժարվել Տամոքսիֆենից, որը, մեծ հաշվով, երաշխավորհում էր իմ կենսունակությունը, բայց մյուս կողմից՝ ապաքինվելուց հետո երեխա և ընտանիք ունենալը մեծ երազանք էր, որը ստիպեց ինձ վճռական որոշում կայացնել», - պատմում է Սառան:

Գիտնականների նոր բացահայտումը զգալիորեն կթեթևացնի այս խնդրին առնչվող կանանց մտահոգությունները: Ուսումնասիրությունը պարզել է, որ անցյալում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ շուրջ 1200 կանանցից մեկ քառորդը կարողացել է հղիանալ:

«Սա հուսադրող է այնքանով, որ հայտնի է դարձել, որ չկա տարբերություն նախկինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ և այլ կանանց միջև ովքեր ցանականում են հղիանալ», - գտնում է «Դանա-Ֆարբեր» քաղցկեղի ինստիտուտի ուռուցքաբան Աննա Փարթրիջը:

Ավելին՝ նախկինում կրծքագեղձի քաղցկեղով տառապած կանանց մոտ հղիությունից հետո զգալիորեն նվազում է քաղցկեղի կրկնվելու հավանականությունը:

XS
SM
MD
LG