Անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցած շաբաթ կիրառած նոր պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեան շարունակում է իր հրթիռային փորձարկումները:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության (KCNA) փոխանցմամբ՝ Փհենյանը հյուսիսարևելյան Վոսան քաղաքի ափին նախօրեին իրականացված հրթիռային փորձարկումը հաջողված է որակել:
Ըստ նույն աբղյուրի՝ նոր հրթիռային համակարգը, որը նախատեսված է մասնավորապես ռազմածովային մարտերի համար, ճշգրտորեն թիրախավորել է Ճապոնական, կամ՝ Արևելակորեական ծովում տեղակայված բոլոր օբյեկտները:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը նույնպես մասնակցել է հրթիռային փորձարկումներին՝ անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցած շաբաթ կիրառած նոր պատժամիջոցները:
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում սա Հյուսիսային Կորեայի չորրորդ հրթիռային փորձարկումն է: Նախորդ երեքը ներառում էին տարատեսակ բալիստիկ հրթիռներ:
Պաշտոնական Փհենյանը վճռականորեն է տրամադրված միջուկային մարտագլխիկով հեռահար բալիստիկ հրթիռի զարգացման հարցում, որը, ինչպես նախատեսվում է, պետք է հասնի մինչև Միացյալ Նահանգներ:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը հինգշաբթի օրը լրագրողներին հաղորդել է, որ Փհենյանի հրթիռային փորձարկումների հաճախակի բնույթը ավելի է բարդացնում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերսկսումը: