«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները»։
Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը համահեղինակն է այն բանաձեւի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Վաշինգտոն կատարած այցի ընթացքում թուրքական անվտանգության ներկայացուցիչների գործողությունները։ Վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեմ բողոքողի խաղաղ ցույց անցկացնող մարդկանց վրա: Երեքշաբթի օրը բանձեւը պաշտոնապես ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ իր օգտին հավաքելով 397 ձայն:
Բանաձեւի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ.
«Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ կերպով վերացնի բոլոր այն անձանց դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքը, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ իրավապահներին»:
Մայրաքաղաք Վաշինգտոնից ընտրված կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը հիշեցրել է գործընկերներին, որ Էրդողանի թիկնապահների գործողությունները «հարձակում էին ոչ միայն ցուցարարների, այլեւ՝ ամերիկյան կարեւորագույն արժեքների՝ խոսքի ազատության եւ բողոքն արտահայտելու իրավունքի դեմ»:
«Մեր ցուցարարների վրա հարձակում գործած թուրք ավազակներին թույլ չենք տալու թաքնվել անձեռնմխելիության հետեւում», - ընդգծել է Նորթոնը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկացի ոստիկանների եւ ցուցարարների վրա, նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չի եղել։ Մինչդեռ, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ:
Պատասխանելով թուրքական կողմի հայտարարություններին՝ Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբենեսը նշել է, թե տեսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հենց նախագահ Էրդողանն է արտոնել հարձակումը եւ հետեւել այդ գործողությունները.
«Վաշինգտոնի փողոցներում անմեղ ցուցարարների վրա հարձակումը բացահայտում է նախագահ Էրդողանի բնույթը եւ ամերիկացիներին հիշեցնում պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը՝ այն բոլոր խնդիրները, որոնց հետեւանքն են Կիպրոսի զավթումը, Հայոց ցեղասպանությունն ու քուրդ ժողովրդի բռնի հալածումը: Այս միջադեպը պահանջում է ավելին, քան մեղավորների դատապարտումը, Թուրքիայի դեսպանի վտարումը կամ Էրդողանի հասցեին քննադատությունը: Ժամանակն է հիմնովին վերանայել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Բանաձեւի ընդունումը ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Միջադեպին ներկա հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով, Ռեջեփ Էրդողանը փորձել է իր անհանդուրժողոկանությունն ու իր երկրում տարածում գտած բռնություններն արտահանել Միացյալ Նահանգներ: ՝՝Փորձ, որը տապալվեց՛՛:
Facebook Forum