ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաղորդում է պետական պայմանագրային մի աշխատողի ձերբակալման մասին, ով, ինչպես նշում է նախարարությունը, գաղտնի տեղեկություններ է փոխանցել լրատվամիջոցին:
Նախարարության հայտարարությունը հրապարակվել է նույն օրը, երբ The Intercept լրատվամիջոցը հաղորդել է ստացված գաղտնի նյութերի մասին, ուր երևում է, որ ռուսական գաղտնի ծառայությունները փորձել են մուտք գործել ԱՄՆ-ի քվեարկողների գրանցման համակարգ անցած տարվա ընտրություններից առաջ:
Հետախուզությունների դաշնային բյուրոն հաղորդում է, որ ձերբակալված կնոջ անունն է Ռեալիթի Լեհ Ուիներ: Վերջինս ընդունել է, որ տպել է գաղտնի տեղեկություն պարունակող նյութեր և դրանք ուղարկել մամուլին:
Բյուրոյի տեղեկությամբ 6 մարդ տպել է նույն փաստաթուղթը ներառյալ Ուիները, սակայն միայն իր մոտ է հայտնաբերվել անանուն լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեն:
Ամերիկյան գաղտնի ծառայությունները պարզել են, որ Ռուսաստանն անօրեն կերպով ձեռք է բերել դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրությունը և այն փոխանցել WikiLeaks-ին՝ փորձելով այդ կերպ օգնել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթել իր մրցակից Հիլարի Քլինտոնին:
Կոնգրեսն ու հատուկ մարմինները հետաքննում են, թե արդյոք Թրամփի նախընտրական թիմից որևէ մեկը համագործակցել է Ռուսաստանի հետ:
Facebook Forum