Մատչելի հղումներ

Էրդողանին Վաշինգտոնում դիմավորեցին բողոքի ցույցերով


Այսպես, բողոքներով եւ ցույցերով դիմավորեցին Վաշինգտոն ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Ամերիկայի հայ եւ քուրդ համայնքները:

«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք Էրդողանի դեմ, ով դաժան հարձակումներ է կազմակերպում քրդերի դեմ», - Վաշինգտոնի քուրդ համայնքի ներկայացուցիչ Օմեր Փասալի խոսքով, Թուրքիայի նախագահը պայքարում է Սիրիայի քրդերի դեմ, այդպիսով խոչընդոտելով քրդերի պայքարը Դաեշի ահաբեկիչների դեմ:

Քրդերի եւ հայերի կազմակերպված բողոքի ցույցին ընդդեմ, հենց այստեղ, Սպիտակ տան առջեւ իրենց հակացույցն էին կազմակերպել Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք փորձում էին աջակցել Ռեջեփ Էրդողանին:

«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ կարեւորագույն բանակցություններին», - Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, թուրքական կողմը Սիրիայում աջակցում է մեկ տասնյակից ավելի սիրիական քրդերի կազմակերպությունների:

Սպիտակ տան առջեւ դեմ առ դեմ հավաքված թուրք եւ քուրդ ցուցարարների միջեւ իրավիճակն ի վերջո այնքան էր սրվել, որ ոստիկանությունը որոշեց կողմերին բաժանել, հնարավոր բախումները կանխելու համար:

Բողոքի ցույցին ներկա էին նաեւ Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչները: Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով Թուրքիան ունի մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրներ.

«Մենք այսօր այստեղ ենք մեր քուրդ եղբայրների ու քույրերի եւ ընդհանրապես բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր անհանգստացած են Թուրքիայում բռնատիրության աճի կապակցությամբ»:

Մինչ Սպիտակ տան առջեւ շարունակվում էին ցույցերը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը քննարկում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայի հիմնահարցի կարգավորման հեռանկարները: Էրդողանի խոսքով, ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարեւորագույն դեր է խաղում Անկարայի համար:

Միացյալ Նահանգների նախագահն իր կողմից նշում է Թուրքիայի կարեւոր դերը Սառը պատերազմի եւ Կորեայի պատերազմի տարիներին: Այժմ եկել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման ժամանակը, հիշեցնում է Դոնալդ Թրամփը.

«Մենք աջակցում ենք բոլոր ջանքերի, որոնք կարող են նվազեցնել Սիրիայում բռնությունը եւ խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծել»:

XS
SM
MD
LG