Միացյալ Նահանգների նոր վարչակազմը լուրջ ճնշումների է ենթարկվում՝ Փարիզում ստորգարված կլիամայի փոփոխության վերաբերյալ համաձայնագրերը չեղարկելու մտայնության առթիվ:
Ներկայումս Չինաստանը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիության անդամ երկրները շրջակա միջավայրի աղտոտմանը նպաստող պետությունների առաջին եռյակում են: Եթե Վաշինգտոնը վերանայի կլիմայի փոփոխության հարցում իր մոտեցումները, ապա գլոբալ տաքացման նվազեցմանն ուղղված առաջընթացն ու ջանքերը զգալիորեն կնվազեն: Երեքշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ում արտահայտել է իր մտահոգությունները:
«Ամեն ինչ փոխկապակցված է, և մենք շարուակելու ենք ակնկալել, որը ԱՄՆ-ը հավատարիմ կմնա Փարիզում ստորագրված համաձայնագրերին: Տեղյակ եմ, որ Միացյալ Նահանգներում կան տարաձայնություններ այս հարցի շուրջ, որը մենք հարգում ենք: Ինչևե, աշխարհի 195 երկրներ եկել են ընդհանուր հայտարարի՝ գիտակցելով կլիմայի փոփոխության մարտահրավերները: Եվ այն ամրագրվել է Փարիզում ստորագրված համաձայնագրերում: Վստահ եմ՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը սա չի անտեսի»:
Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ գլոբալ տաքացումը իրականում չափազանցված է և որ ոչ մի ապացույց չկա, որ այն իրական է: Այնումենայնիվ, Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ նախագահը կրկին հետաձգել է իր որոշումը և առաջիկայում նախատեսվում են քննարկումներ անցկացնել փորձագետների հետ:
«Նախագահը բազմիցս քննարկել է այս խնդիրը իր թիմի հետ, սակայն նախքան Մեծ յոթնյակի անդամ երկրների ղեկավարների հետ նախագահի հանդիպումը՝ ոչ մի հայտարարություն չի հնչի», - հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը:
Ի տարբերություն Թրամփի՝ Բարաք Օբաման շրջակա միջավայրի պահպանության ակտիվ ջատագով էր: Միլանում երեքշաբթի օրը կայացած ֆորումի ընթացքում Օբաման հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները, ի վերջո, ճիշտ ընտրություն կկատարի:
«Լավ լուրն այն է, որ մեծ ջանքերի շնորհիվ՝ վերջին ութ տարիների ընթացքում մասնավոր ընկերությունները մաքուր էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելուվճռականություն են ցուցաբերել՝ գիտակցելով, որ ապագան անխուսափելի է», - հայտարարել է Օբաման:
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը բազմաթիվ բնապահպանական կազմակերպությունների, ակտիվիստների, գիտնականների և շարքային քաղաքացիների դրդել էր դուրս գալ փողոց՝ բողոքի ցույցերի: