ԱՄՆ-ի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո հաճախ ինքնակենսագրական գրքեր են գրում, որոնք սովորաբար բեսթսելեր են դառնում, սակայն ըստ կանխատեսումների՝ Բիլ Քլինթոնի նոր գեղարվեստական վեպին էլ ավելի խոստումնալից ապագա է սպասվում։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ներկայումս համագործակցում է ամերիկացի ամենալավ վաճառվող վիպագիր Ջեյմս Փեթերսոնի հետ՝ «Նախագահը բացակայում է» գեղարվեստական վեպի հրապարակման ուղղությամբ: Գիրքը լույս կտեսնի 2018 թվականի հունիս ամսին:
Երկուշաբթի օրը հրատարակիչների տարածած հայտարարության մեջ Քլինթոնը նշել էր, որ զվարճալի է գործող նախագահի մասին գիրք գրելը:
Փեթերսոնը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ նախագահ Քլինթոնի հետ այս համագործակցությունը իր կարիերայի ամենավառ հիշողություններից է, և որ Քլիթոնի խորաթափանցության շնորհիվ ընթերցողը հնարավորություն կունենա բացահայտել նախագահական կյանքի մանրամասները նոր լույսի ներքո:
Փեթերսոնը հայտնի է այլ հեղինակների հետ բեղմնավոր համագործակցությունների, ինչպես նաև իր գեղարվեստական վեպերի հրապարակումներով:
«Նախագահը բացակայում է» վեպը 70-ամյա Քլինթոնի գեղարվեստական գիրք գրելու առաջին փորձն է։
Նախագահները հազվադեպ են վեպեր գրում, սակայն սա առաջին դեպքը չէ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը 2003 թվականին հեղինակել էր «Իշամեղվի բույնը» պատմական վեպը: