Բոստոնում կիրակի օրը նախկին նախագահ Բարաք Օբամային հանձնվեց Ջոն Քենեդիի անվան խիզախության համար մրցանակը: Օբաման այն ստացավ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից մի քանի օր անց, որով Օբամաքեյրի փոխարեն առաջ քաշվեց առողջապահության մասին նոր օրինագիծ:
Նախկին նախագահը գովասանքի խոսքեր ուղղեց այն դեմոկրատ օրենսդիրներին, ովքեր 2010 թվականին պայքարեցին Օբամաքեյրի ընդունման համար: Նրանցից ոմանք կորցրեցին իրենց տեղերը ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականների ճնշման արդյունքում:
«Հուսամ ներկայիս Կոնգրեսի անդամները կգիտակցեն, որ շատ խիզախություն պետք չէ ուժեղին և ազդեցիկին աջակցելու համար: Սակայն խիզախություն է խոցելի, թույլ ու անզոր անձանց աջակցելը, նրանց, ովքեր չունեն իշխանություն»,- ասում է նախկին նախագահը:
Իր խոսքում նա չի հիշատակել իր հաջորդին՝ նախագահ Դոնալդ Թրամփին:
Քենեդիի անվան խիզախության մրցանակը կապված է վերջինիս հեղինակած գրքի հետ, ուր նա պատմում է 8 սենատորների մասին, ովքեր հարվածի տակ են դրել իրենց կարիերան՝ աջակցելով ժողովրդականություն չվայելող նախաձեռնություններին:
Մրցանակակիրների շարքում են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանն ու Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:
Facebook Forum