Սոչիում երեքշաբթի օրը կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ու համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում Պուտինը հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտության աղմկահարույց մեղադրանքները ՝ որակելով դրանք «պարզապես բամբասանք», որը, նրա խոսքերով, ԱՄՆ-ում շահարկվում է ներքաղաքական նպատակներով:
Այս հայտարարությունը հաջորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Պուտինի հանդիպմանը, որը կայացել էր Սոչիում, Սև Ծովի ափին գտնվող Պուտինի ամառանոցում:
Չնայած Պուտինի հայտարարությանը այն մասին, որ քննարկումները ծավալվել են մասնավորապես Ուկրաինայի և սիրիական ճգնաժամի շուրջ՝ Մերկելը ընդգծել է , որ բանակցությունների ընթացքում ոչ մի լուրջ ձեռքբերում չի արձանագրվել:
Ռուս-գերմանական հարաբերությունները փակուղի էին մտել սիրիական պատերազմի և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, Պուտինը անդրադարձել է ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի կողմից ենթադրյալ միջամտությանը.
«Դուք նշեցիք ԱՄՆ-ի օրինակը,որին մամուլը շարունակում է անդրադառնալ, և որը ոչ մի կերպ չի հաստատվել որև մեկի կողմից: Դա պարզապես բամբասանք է, որը ԱՄՆ-ում շահարկվում է ներքաղաքական նպատակներով»,- նշել է Վլադիմիրը:
Պուտինի այս պատասխանը, իհարկե, է՛լ ավելի է խորացնում առկա հակասությունները, քանի որ փաստացիորեն ԱՄՆ-ի հետախուզական վարչությունները Ռուսաստանին մեղադրել էին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգի վրա իրականացված հաքերային հարձակումների, ինչպես նաև՝ Թրամփին աջակցելու նպատակով ՝ Հիլարի Քլինտոնի նախընտրական շտաբի էլեկտրոնային նամակների սկանդալային հրապարակումների համար:
Սիրիական հակամարտության հարցով, Գերմանիան խստորեն քննադատել էր Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Մերկելը ընդգծել է, որ Ռուսաստանը մասնակիորեն պատասխանատու է Սիրիայի քաղաքացիական բնակավայրերում ռուսական օդուժի կողմից իրականացված ռմբակոծությունների և անմարդկային սպանությունների համար: