Ի պատասխան Հյուսիսային Կորեայի վարչակարգի սպառնալիքների ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարժվեցին դեպի Կորեական թերակղզի՝ ցուցադրելու ամերիկյան կողմի վճռականությունը: Սակայն, գլոբալ այս գործողությունների արդյունքում Սպիտակ տունը կրկին կանգնեց ներքաղաքական սկանդալի շեմին:
Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ Սինգապուրից ռազմածովային ուժեր է փոխադրում դեպի Կորեա:
Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն այնուհետև բացատրեց, որ նավատորմն ազատորեն տեղափոխվում է Խաղաղ օվկիանոսի ջրերում, և այն ճանապարհին է դեպի Կորեա:
Նախագահ Դոնալդ Թրամփը ևս նշել էր նովատորմի ընտրած ուղու մասին:
«Մենք այնտեղ ուղարկում ենք շատ հզոր ռազմական նավատորմ, ինչպես նաև սուզանավեր»,- ասել էր նա:
Ավելի ուշ պարզվել է սակայն, որ ռազմածովային ուժերը շարժվել են Կորեական թերակղզուց մոտ 5000 կիլոմետր հակառակ ուղղությամբ: Սպիտակ Տան անանուն աղբյուրները նշել են, որ տեղի է ունեցել թյուրիմացություն:
Նախագահի խոսնակ Շոն Սփայսերը հերքել է նախագահի կողմից հանրությանը սխալ տեղեկություն տրամադրելու փաստերը՝ մեղադրելով լրագրողներին Պենտագոնի հետ այս հարցը չհամաձայնեցնելու մեջ:
«Նախագահն ասել էր, որ նավատորմը շարժվում է դեպի թերակղզի: Եվ դա տեղի է ունեցել: Դա փաստ է»,- հայտարարել է Սփայսերը:
Իրենց հերթին Պենտագոնում ռազմական պաշտոնյաները հաստատել են , որ Carl Vinson ռազմածովային նավատորմն ի վերջո ուղղություն է վերցրել դեպի Կորեական թերակղզի ու այնտեղ կժամանի ապրիլի վերջին:
Facebook Forum