Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը հաստատեց Կանադա-ԱՄՆ նավթամուղի շինարարությունը


«Քիսթոուն» XL նավթամուղի կառուցման աղմկահարույց նախագիծը, որը ժամանակավորապես դադարեցվեց Օբամայի վարչակազմի քաղաքական որոշմամբ, կրկին կշարունակվի, քանի որ ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ նախագծի իրականացումն ու միլարդավոր դոլարների ներդրումը բխում է ԱՄՆ-ի շահերից:

Թրամփի վարչակազմը հաստատել է կանադա-ամերիկյան «Քիսթոուն» XL նավթամուղի կառուցման նախագիծը, որը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման չեղարկել էր ընդամենը երկու տարի առաջ:

Այս մասին հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը: «Տրանս Կանադա» ընկերությունը հնարավորություն է ստացել կանադական Ալբերտա նահանգի նավթը հասցնել մինչև Նեբրասկա:

Դեմ գնալով Օբամայի վարչակազմի որոշմանը՝ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ այս որոշումը բխում է ԱՄՆ-ի շահերից:

«Այն փաստը, որ էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումն այսքան հետաձգվեց, խոսում է նախորդ վարչակազմի բացթողումների, մեր քաղաքացիներին և ըկերություններին հիասթափեցնելու մասին: Այսօր մենք ուղղելով անցյալի սխալները և հետևելով «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսին՝ ևս մեկ քայլ ենք կատարում, որը կստեղծի նոր աշխատատեղեր և կապահովի ամերիկացիների տնտեսական անվտանգությունը»:

Ըստ 1,700 կմ ձգվող «Քիսթոուն» XL նավթամուղի նախագծի՝ այն նախատեսում է օրական 830,000 բարել նավթի տեղափոխում Ալբերտա նահանգից դեպի Նեբրասկա, այնուհետև՝ Մեքսիկական ծովածոցի նավթազտարաններ:

Դաշնային դատարանը անտեսեց Օբամայի վարչակազմի ժամանակավոր արգելքը, որը ուժի մեջ էր մտել 2016 թվականի սեպտեմբերին:

Խողովակաշարի շինարարությունը հակասություններ էր ստեղծել բնիկ ամերիկացիների և ակտիվիստների շրջանում, ովքեր ամիսներ շարունակ բարձրաձայնում էին այն լուրջ վտանգի մասին, որը նավթատարի կառուցումը կառաջացնի շրջակա միջավայրի, մասնավորապես ջրի աղտոտվածության տեսանկյունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG