Ժնևյան բանակցություններից առաջ Սիրիայի մի շարք վայրերում վերսկսվեցին ռազմական բախումները: Դամասկոսի շրջակայքում ընդդիմադիր զինյալները մի շարք հաջողություններ են գրանցել, որին ի պատասխան կառավարական ուժերը հրթիռակոծության են ենթարկել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները: Միևնույն ժամանակ հյուսիս-արևմուտքում ամերիկյան կոալիցիոն ուժերը կռիվներ են մղում Դաեշ-ի դեմ Ռաքքայի շուրջ:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում Գլոբալ կոալիցիայի երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ Ռեքս Թիլերսոնը նշել է.
«Չնայած Սիրիայի վերաբերյալ հետագա գործողությունների ծրագիրը մշակման փուլում է, հստակ կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները կմեծացնի ճնշումը ԴԱԵՇ-ի և Ալ Քաիդայի դեմ: Մենք կփորձենք ստեղծել միջանկյալ կայունության գոտիներ զինադադարների միջոցով, որոնք թույլ կտան փախստականներին վերադառնալ իրենց տները»,- հայտարարել է Թիլերսոնը:
Սակայն Թիլերսոնը չի մեկնաբանել Սիրիայի քաղաքական ապագայի հետ կապված խնդիրները՝ ընդգծելով, որ երկրի կայունությունն ու Դաեշ-ի վերացումը ԱՄՆ-ի գլխավոր նպատակներից են, և որ ԱՄՆ-ը չի պատրաստվում ներգրավվել Սիրիայի վերակառուցման կամ կառուցման հարցերում:
Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Մայքլ Ռետնին մասնակցելու է Ժնևյան բանակցություններին, սակայն այսօր Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն ավելի ակտիվ դերակատարում ունեն այստեղ:
«Ընթացիկ իրավիճակը կկանխորոշի բանակցությունների այս փուլի ելքը, բայց լավատեսության առիթ չկա: Անհրաժեշտ է քաղաքական անցումային փուլ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ վարչակարգն ու Ռուսաստանը կտապալեն այն, ուստի լավատես չենք»,- ասել է ընդդիմադիր Ալռահման բրիգադի խոսնակ Ուայել Ալվան
Դե Միստուրան հանդիպել է Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Մոսկվայում և մեկնել Անկարա՝ Թուրքիայի իշխանությունների հետ հանդիպման համար: ՄԱԿ-ի բանագնացն ավելի ուշ կհանդիպի սիրիական կողմերի ներկայացուցիչների հետ: