ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է այցելել ասիական մի շարք երկրներ Չինաստանի հետ Միացյալ Նահանգների լարված հարաբերությունների ու Հարավային Կորեայում ընթացող քաղաքական ճգնաժամի ժամանակաշրջանում:
Այցի ընթացքում քննարկվող հիմնական խնդիրը կապված է այս ամսվա սկզբին Ճապոնիայի հյուսիս-արևելյան ծովային սահմաններում Հյուսիսային Կորեայի կողմից 4 բալիստիկ հրթիռների արձակման հետ: Փխենյանի բալիստիկ և միջուկային հրթիռների սպառնալիքը Թիլերսոնի քննարկումների օրակարգում է:
«Մենք խորապես մտահոգված ենք այս ծրագրերի շարունակական փորձարկումներով: Այս ուղղությամբ պետք է գործենք և տեսնենք, թե ինչ այլընտրանքներ ունենք: Այս այցի հիմնական նպատակն է քննարկումներ կազմակերպել մեր գործընկերների և դաշնակիցների հետ, որոշելու համար, թե ինչպիսի մոտեցում է հարկավոր որդեգրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,- հայտարարել է պետքարտուղարության խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, սակայն, ընդգծել է, որ չի պատրաստվում ուղիղ երկխոսություն սկսել հյուսիսկորեական բռնակալ վարչակարգի հետ: Այն վերահաստատել է, որ Հարավային Կորեայում կտեղադրի հրթիռային պաշտպանողական համակարգ, հայտնի որպես THAAD, որին դեմ է հանդես գալիս Չինաստանը:
«Կարծում եմ Հյուսիսային Կորեան զայրացրել է Չինաստանինայս համակարգի տեղակայման անհրաժեշտություն ստեղծելու պատճառով: Եկեք նայենք բուն խնդրի էությանն, այլ ոչ թե դրա դրսևորումներին: Հյուսիսային Կորեան լուրջ խնդիր է»,- ասում է Ռիչարդ Բուշը Բրուքինգս հաստատությունից:
Չինաստանում Ռեքս Թիլերսոնը նախատեսում է հանդիպումներ ունենալ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ներառյալ՝ առևտրային հարաբերությունները: