ԱՄՆ-ի նախկին նախագահ Օբամայի օգնականը հերքել է Դոնալդ Թրամփի՝ կիրակի օրը տարածած թվիթերյան հաղորդագրությունների մեղադրանքներն առ այն, որ նախագահ Օբաման կարգադրել է գաղտնալսել «Թրամփ Թաուերի» հեռախոսազրույցները՝ անցած նոյեմբերին կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին:
Սենատի դատական հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական սենատոր Լինզի Գրեհեմը չի հաստատել Թրամփի մեղադրանքները: Հարավային Քարոլինան ներկայացնող սենատոր Գրեհեմը, ով ելույթով հանդես էր գալիսնահանգի Քլեմքսոն քաղաքում, նշեց, սակայն, որ Ուոթերգեյթի սկանդալին հավասարազոր մեծ աղմուկ կբարձրանա, եթե պարզվի, որ այս մեղադրանքները հավաստի են:
«Ես խիստ մտահոգված եմ նախկին նախագահի հասցեին գործող նախագահի հնչեցրածմեղադրանքներով»:
Օբամայի անվտանգության հարցերով նախկին օգնական Բեն Ռոդսը իր թվիթերյան հաղորդագրությունում պատասխանել է Թրամփին, - «Ոչ մի նախագահ չի կարող նման հանձնարարական տալ», - ավելացնելով, որ - «Այս սահմանափակումները գործում են ի շահ քաղաքացիների պաշտպանության քեզ պես մարդկանցից»:
Թրամփը այս ենթադրյալ գաղտինության ներխուժումը նմանեցնում է Ուոթերգեյթի աղմկահարույց քաղաքական սկանդալին, որը, ի վերջո, 1974 թվականին հանգեցրեց նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին:
1978 թվականին ընդունված արտաքին հետախուզության գաղտնի վերահսկողության որոշումը՝ FISA-ն, թույլատրում է օտարեկրյա երկրների և նրանց գործակալների տեղեկատվության հավաքագրումն ու իրավական վերահսկողությունը:
Լրատվական երկու տարբեր աղբյուրների հղումով ՝ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն այս իրավական որոշման շնորհիվ ստացել էր դատարանի թույլտվությունը հետաքննելու Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի հետ ունեցած հավանական կապերը: