Փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրին և նշել, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են: Հայաստանը ԵՄ-ի հետ ստեղծում է գործընկերության մի նոր համաձայնագիր:
Մեդիա կենտրոնում այսօր քննարկում էր կազմակերպվել այդ համաձայնագրի ստորգրման-չստորագրման սցենարները վերլուծելու նպատակով։ Հրավիրված երեք բանախոսները գտնում են, որ այդ փաստաթուղթը զարգացման լուրջ հեռանկար կարող է բացել Հայաստանի համար։
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի խոսքերով, այս համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ 4 տարի, քանի որ, իրոք դա շոկ էր ՀՀ կառավարության համար, երբ 2013-ին Հայաստանը սառեցրեց նախկինում ԵՄ-ի հետ տարված այդ ամբողջ աշխատանքը: Երկրորդ՝ Ռուսաստանը նաեւ Հայաստանը չգիտեին ինչ է Մաքսային միությունը, որը հետագայում վերածվեց ԵԱՏՄ-ի: Այստեղ Հայաստանը անընդհատ փորձում էր հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ՝ չվնասելով, չջղայնացնելով ԵԱՏՄ-ին, և դա էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր՝ որքանով նոր համաձայնագիրը խորը պետք է լիներ, որ չխանգարեր այդ պարտավորություններին։
Իգիթյանի համար անհասկանալի է, թե, օրինակ, էներգետիկ ոլորտում ինչպես է Հայաստանը համագործակցելու ԵՄ-ի հետ, երբ էներգետիկ բնագավառի 90 տոկոսը Ռուսաստանինն է։ Իսկ ԵՄ-ը համագործացության շեշտը դնում է հատկապես էներգետիկայի և հակակոռուպցիոն մեխանիզմների վրա։ Նա վստահ է, որ Հայաստանը ճնշման արդյունքում ընտրեց ԵԱՏՄ-ն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու փոխարեն, բայց այն վտանգները, ինչից կարելի էր վախենալ, չէին լինելու, և չեղավ որևէ օգուտ այդ ընտրությունից։
Քննարկման մյուս մասնակիցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ փաստաթուղթը իր 4 գլուխներով՝ ինքին համապարփակ փաստաթուղթ է: Այդ 4 մասերը հետևյալն են՝ 1. քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, 2. ներքին արրդարադատություն, 3. առևտուր և ներդրումներ, 4. ոլորտային համագործակցություն։
“Եթե Հայաստանը չվերանայի իր քաղաքականությունը, զարգացում չի ունենա, իսկ նոր համաձայնագրի ստորագրմանը միայն ֆորս մաժորը կխանգարի, որը Ռուսաստանի կողմից հերթական ճնշման ձևով կարող է արտահայտվել”։
Աշոտ Եղիազարյանի կարծիքով ևս, ԵԱՏՄ-ին միանալու գործընթացը ուղեկցվել է շանտաժով, “մեզ ասել են, որ լավ չի լինի, եթե չմիանանք”։ Իսկ հիմա, բանախոսի կարծիքով, եթե չստորագրվի այս համաձայնագիրը, իրոք, վատ կլինի․ «մենք նաև անվտանգության հարց կունենանք թե′ Հայաստանում, թե′ սահմանին»։ Նա կոչ արեց իրերը կոչել իրենց իսկական անուններով․ «Երկիր, որը խլում է քեզնից քո ինքնիշխանությունը, պարտադրում ԵԱՏՄ անդամ դառնալ, աստիճանաբար բոլոր օղակներում որոշումների ընդունման իրավունքը վերցնում է իրեն, երկիր, որը միլիարդների զենք է վաճառում այն կողմին, որը հարձարկվում ու զենքով մեր դեմ է կռվում։ Երկիր, առանց որի քաղաքական աջակցության Ադրբեջանը հնարավոր չէր, որ գնար այդ կարգի էսկալացիայի, ինչպե՞ս են այդ երկիրը կոչում․․․»։ Նա կարծում է, որ պարզապես կենսական անհրաժեշտություն է նոր գործընկերներ ունենալը և բոլոր առումներով դեպի զարգացում գնալը։ Մեզ անհրաժեշտ է ճեղքել մեկուսացումը և ձեռք բերել դաշնակիցներ, ասում է նա։
Այս փաստաթուղթը մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը, գլուխները դրա մասին են խոսում: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամռանը նախատեսվում է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ընդունումը, իսկ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:
«Դրա ստորագրումը պարզապես ինքնասպանություն ստորագրում կլինի Հայաստանի համար,- կարծում է Աշոտ Եղիազարյանը,- այն խնդիրներ կստեղծի նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության առումով»։Նա գտնում է, որ ԵՄ-ը չի հրաժարվել Հայաստանից. «Մենք ԵՄ-ի համար համարվում ենք քաղաքական, տնտեսական, մշակութային տարածքի մի մաս: Այս առումով Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ: Փաստաթղթի ստորագրումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինքնին ամրապնդել անվտանգությունը»: Հայաստանը պետք է օր առաջ ազատվի ԵԱՏՄ-ի կապանքներից։
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ, այս փաստաթուղթը որոշ իմաստով կարելի է անվանել Ասոցացման համաձայնագրի «լայթս» տարբերակ:
«Այս փաստաթուղթը միայն դրական կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցությանը և շատ մեծ, կարևոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև այլ գործընթաց, դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»,-հավելեց Մինասյանը: