53 կողմ 37 դեմ ձայների մեծամասնությամբ Սթիվեն Մնուչինի թեկնածությունը ԱՄՆ-ի Սենատում հաստատվեց ֆինանսների նախարարի պաշտոնում:
Հաստատման լսումների ընթացքում դեմոկրատ սենատորները բարձրաձայնեցին այն բոլոր խնդիրների մասին, որոնք ծագել էին Կալիֆորնիայի բանկում Մնուչինի ղեկավարության տարիներին: 2008-2009 թվականներին Մնուչինի ղեկավարած բանկը հազարավոր սեփականատերերի զրկել էր սեփականության իրավունքից հիփոթեքային վարկերի պատճառով:
«Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես նախագահ Թրամփն առաջ է քաշում այն մարդու թեկնածությունը, ով ավելի շատ վնաս է բերել մարդկանց, քան օգուտ: Դա անընդունելի է, հատկապես այս փուլում, երբ շատ ամերիկացիներ փորձում են վերականգնել իրենց ֆինանսական կորուստները և կերտել իրենց ամերիկյան երազանքը»,- ասում է սենատոր Բուքերը:
Սակայն հանրապետական սենատոր Օրին Հաթչը, ով գլխավորում է Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովը, հակազդեց դեմոկրատներին՝ նշելով, որ Մնուչինն ունի համապատասխան փորձառություն և որակավորում այդ պաշտոնի համար:
Հաստատումից կարճ ժամանակ անց Սպիտակ տանը տեղի ունեցավ Մնուչինի երդմնակալության արարողությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Փենսը: Ներկա էր նաև նախագահ Թրամփը:
«Սթիվենը ֆինանսական լեգենդ է, ով ունի փայլուն կենսագրություն: Ես հետևում եմ նրան երկար տարիներ: Նա իմ երկար տարիների ընկերն է: Ամեն ինչ, ինչին նա դիպչում է, վերածվում է ոսկու: Նա փայլուն աշխատանք է կատարել, և սա է անհրաժեշտ մեր երկրին»,- ասել է նախագահ Թրամփը:
Մնուչինը հարկերի նվազեցման կողմնակից է, որը համապատասխանում է հանրապետականների օրակարգին, սակայն դեմ է դեմոկրատների մոտեցմանը: Նա վարչակազմի վերջին թեկնածուն էր, ով ստացավ հաստատում Սենատում:
Իր ասուլիսի ընթացքում Մնուչին ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պահպանվելու են: