Մատչելի հղումներ

Փիթսբուրգի հայության չբացահայտված գաղտնիքները


Ասում են՝ Միացյալ Նահանգներում չկա մի շրջան, որտեղ չլինեն հայեր: Փիթսբուրգի հայ համայնքը փոքր է, սակայն՝ շատ հետաքրքիր:

Այստեղ նախորդ դարի սկզբին հանրահայտ GNC վիտամինների խանութների ցանցն էր հիմնադրել Դավիթ Շաքարյանը: Հենց Շաքարյանների եւ մի շարք այլ բարերար ընտանիքների միջոցով 1980-ականներին Փիթսբուրգի համալսարանի հիմնական շենքում կառուցվում է հայկական դասասենյակ:

«Դասասենյակը պատճենն է 10-12-րդ դարերում կառուցված Սանահինի գրադարանի»:

Հայկական դասասենյակի կոմիտեի նախագահ Մարիամ Սողոյանի խոսքով, դասասենյակը կառուցվել է ամբողջական քարից: Դասասենյակի կառուցումից մնացած գումարն էլ օգտագործվում է ի նպաստ Հայաստանի: Մասնավորապես, հայաստանցի մեկ մասնագետի կրթաթոշակ է տրամադրվում, որպեսզի նա գա եւ երեք ամիս շարունակ զարգացնի իր կրթությունը Փիթսբուրգի համալսարանում:

«Ինչպես ամբողջ աշխարհի հայությունը, ամեն ինչ անում ենք, որպեսզի ինչ-որ կերպ օգնենք Հայաստանին»:

Փիթսբուրգի հայ համայնքի մեկ այլ, փոքրիկ խորհրդանիշ Ֆիլիպ Ինջեյանի ջութակների խանութն է:

Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լավագույն մասնագետների մոտ կրթություն ստացած Ինջեյանն առիթը բաց չի թողնում հիշատակել, որ հայ է.

«Ես հպարտ եմ իմ հայկական արմատներով, որովհետեւ դրանք հիմքում են բազմաթիվ արժեքների: Այսպես, ջութակի հիմքերի մասին խոսելիս, պետք է հիշել քամանչան. Հենց քամանչան էր այն գործիքը, որը Հայաստանից բերվել էր Արեւմուտք, Իտալիա, Վենետիկ եւ այնտեղ զարգացել: Այնպես որ, հայերը հսկայական ազդեցություն են ունեցել իտալական քաղաքակրթության վրա»:

Ֆիլիպ Ինջեյանի խոսքով, Հայաստանից Եվրոպա են եկել ոչ միայն հայկական երաժշտական գործիքները, այլեւ՝ երաժշտությունը.

«Մեր երաժշտությունը, որը գոյացել է մեր եկեղեցական երաժշտությունից, հիմք է հանդիսացել Արեւմտյան երաժշտության համար»:

Տարիներ առաջ Ֆիլիպ Ինջեյանի մասնագիտական հմտությունները թույլ տվեցին նրան սենսացիոն բացահայտում անել: Մի օր նրան է զանգահարում մի կին եւ խնդրում գնահատել նախկին ամուսնու ջութակը.

«Երբ տեսա ջութակը, անմիջապես հասկացա, որ Ստրադիվարիուսի աշխատանքն է: Կինն ամբողջ տարիների ընթացքում տեղյակ չի եղել, որ ամուսինը նվագել է Ստրադիվարիուսի ջութակը, որը նա գողացել էր 1980-ականներին, իրենց ամուսնությունից առաջ»:

XS
SM
MD
LG