Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ:
«Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորտնիի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման:
«Պարզ չէ, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ և որոնք են լինելու ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այս հարաբերություններում»,- ասում է նախկին դեսպանը
Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին` Բուշի և Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են: Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ:
«Անկախ առաջնորդների ցանկությունից ու նոր քաղաքականություն հռչակելուց, ի վերջո ռուս-ամերիկյան հարաբերություններում հավանաբար համագործակցության փոխարեն կգերիշխի մրցակցությունը»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռևս հետաքրքրություն չի ցուցաբերել: Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ:
«Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, ապա կխորացնի ներգրավվածությունը նաև տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է:»,- ասում է Մանկոֆը:
Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցությանն ուղղված միտում, ապա իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում ՝ հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական և հետընտրական քննադատությունը և իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները:
«Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում ճիշտ է: Սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի և Ռուսաստանի, անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանակում: Ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը»,- ասում է դեսպան Քորտնին:
«Իհարկե շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, և իր բալիստիկ հրթիռի արձակմամբ Թեհրանը հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ»,- ասում է Մանկոֆը:
Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, ուր ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից: