Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա մի միջոցառում է, որի ժամանակ նախագահները գովաբանում են կրոնը և եղբայրությունը աշխարհի շուրջ տարբեր երկրների կրոնական, քաղաքական, հասարակական և բիզնեսի ոլորտի առաջնորդների հետ: Նախագահ Թրամփը այս առիթը օգտագործել է իր հյուրերին հիշեցնելու՝ թե 2015 թվականին իր լքած հեռուստատեսային շոուում ինչ մեծ հաջողության էր հասել:
Նախագահ Թրամփն ասում է,- «Մենք մեծ հաջողության հասանք "Ափրենթիս" շուուի ժամանակ, և երբ ես իմ թեկնածությունը դրեցի նախագահի պաշտոնի համար, ստիպված էի թողնել այն: Նրանք ինձ փոխարինելու համար աշխատանքի վերցրին հանրահայտ կինոաստղ՝ Արնոլդ Շվարցնեգերին: Ինչի հետևանքով հաղորդման վարկանիշը կտրուկ իջավ: Եկեք աղոթենք, Արնոլդի վարկանիշի համար»:
Սա առաջին դեպքը չէր, երբ Թրամփը անդրադարձել է շոուի անկում ապրող վարկանիշին: Նախկինում Շվարցնեգերը պատասխանել էր` Թվիթերի իր էջում ընկերական հայտարարություններ տեղադրելով: Սակայն այս անգամ դերասանը տեսանյութ է պատրաստել նախագահի համար:
Շվարցնեգերը տեսանյութում ասում է,- «Դոնալդ, ես հրաշալի գաղափար ունեմ: Ինչու՞ չփոխանակենք մեր աշխատանքները: Քանի որ դու վարկանիշների այդպիսի գիտակ ես, զբաղվիր հեռուստատեսությամբ, ես էլ քո գործով կզբաղվեմ, մարդիկ էլ վերջապես կկարողանան հանգիստ քնել»:
Ծագումով ավստրիացի դերասանը, ով նույնպես հանրապետական է և երկու անգամ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնն է զբաղեցրել, ասել էր, որ նախնական ընտրությունների ժամանակ ինքը քվեարկել էր Թրամփի հակառակորդ Ջոն Քեիսիքի օգտին: