Մատչելի հղումներ

Ամերիկահայ Րաֆֆի Կրիկորյանը զբաղվում է ինքնավար ավտոմեքենաների փորձարկմամբ ԱՄՆ-ում


Րաֆֆի Կրիկորյանը համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների զարգացման հենց առաջատարներից է: Րաֆֆին հանրահայտ Uber ընկերության ճարտարագիտական տնօրենն է: Այստեղ, Փիթսբուրգում, նրա ղեկավարած թիմը զբաղված է մեր օրերի ամենաբեկումնային տեխնոլոգիաներից մեկի՝ ինքնավար ավտոմեքենաների մշակմամբ:

«Կարծում եմ, այս տեխնոլոգիան ավտոմեքենայով երթեւեկելն առավել անվտանգ կդարձնի», - ասում է Րաֆֆի Կրիկորյանը:

Րաֆֆի Կրիկորյանի եւ իր թիմի շնորհիվ, ինքնավար ավտոմեքենան ոչ թե հեքիաթ կամ հեռավոր ապագայի նախագիծ է այլ՝ իրականություն։ Փիթսբուրգի փողոցներում այսօր արդեն Uber տաքսի կանչելու դեպքում ձեզ կարող է մոտենալ ինքնավար ավտոմեքենան: Չի մոռանում Րաֆֆի Կրիկորյանը նաեւ հայկական արմատների մասին.

«Տարին մեկ անգամ ես կազմակերպում եմ համաժողով Հայաստանում, որը նվիրված է տեխնոլոգիական եւ ինժեներական լուծումներին, հաջորդը տեղի կունենա հոկտեմբերին»:

Րաֆֆին, ով նաեւ հանդիսանում է Երեւանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ, օգնում է հայ երիտասարդներին հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, կամ, ինչպես ինքն է ասում, «մտածել սահմաններից դուրս»։

«Մաթեմատիկայի եւ ճշգրիտ գիտությունների ոլորտում զարգացած ավանդույթներ ունեցող Հայաստանն այսօրվա համակարգչային գլոբալ տնտեսության մեջ հաջողության հասնելու փայլուն հնարավորություններ ունի»:

Րաֆֆի Կրիկորյանն ընդգծում է, որ Հայաստանի երիտասարդությունն իր ուրույն տեղը պետք է գրավի գլոբալ առաջընթացում.

«Եթե գնաք Թումո կենտրոն եւ խոսեք այնտեղի երիտասարդների հետ, կամ Հայաստանում Ամերիկյան Համալսարան գնաք, ապա կտեսնեք, որ նրանք սկսում են գիտակցել, թե ինչ է նշանակում մասնակցել գլոբալ հասարակության կյանքում, սկսել նոր ապրանքատեսակներ զարգացնել, կիսվել գաղափարներով գլոբալ համայնքի հետ»:

Րաֆֆի Կրիկորյանը, ով մինչ այդ զբաղվում էր մի շարք առաջատար ընկերությունների զարգացմամբ եւ Twitter սոցիալական ցանցի փոխնախագահն էր, նշում է, որ իր հաջողության գաղտնիքը անընդմեջ առաջընթացի մեջ է.

«Ես իրականում փորձում եմ ամեն օր նոր բաներ սովորել ու փորձել»:

Րաֆֆի Կրիկորյանի խոսքով, ինքը ցանկանում է ապրել այնպիսի կյանք, որ ապագայում թոռներին պատմելու բան ունենա:

XS
SM
MD
LG