Մատչելի հղումներ

Հայոց ցեղասպանության մասին հարցեր՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՄԱԿ-ում դեսպանի թեկնածուներին


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 23-ին երկրի պետքարտուղարի, այսինքն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-ը 1Օ-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Ի դեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ՝ դեմոկրատ բոլոր սենատորները։

Մինչեւ հանձնաժողովում հաստատվելը, նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռեւս մինչեւ Թրամփի երդմնակալությունր։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։

Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաեւ գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։

Այս օրերին, երբ Հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուին գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաեւ Նյու Ջըրզի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

Հայոց ցեղասպանության մասին սենատոր Մենենդեսի հարցին ի պատասխան, Թիլերսոնի գրավոր պատասխանում ասված է. ՝՝1915 թվականի գազանությունները մնում են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններում ցավոտ մի հարց, եւ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ապահովենք խաղաղ ու կայուն հարաբերություններ երկու երկրների միջեւ։ Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կպաշտպանեմ պատմական իրադարձությունները լիովին հաշվի առնելու եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարածաշրջանային կայունության շահերից բխող երկխոսություն սկսելու կարեւորությունը՛՛, գրել է Թիլերսոնն իր գրավոր պատասխանում։

Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինչ որ հռչակագիր ընդունելու մասին հարց է սենատոր Ռոբերտ Մենենդեսը հղել նաեւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Նիքի Հեյլիին հունվարի 18-ին նույն՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումներից հետո։ Սենատորը հարցնում է, թե արդյոք Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը բացասական ստվեր չի գցում ամերիկյան արժեքների վրա, ու արդյոք այն չի խրախուսում նման հանցագործությունների շարունակումը։

Իր գրավոր պատասխանում, Հեյլին գրում է. ՝՝Ես երբեք չեմ խուսափելու այն երկրներին դատապարտելուց, որոնց կողմից իրականացված գործողությունները հակասում են ամերիկյան արժեքներին, ոտնահարում են մարդու իրավունքները եւ հակասում միջազգային չափանիշներին՛՛։

Ամերիկայի հայկական կազմակերպությունները բարձր են գնահատում հայկական հարցերի նկատմամբ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ցուցաբերված երկարամյա աջակցությունը եւ շնորհակալություն հայտնում վերջին լսումների ընթացքում թեկնածուներին հղած հարցերի համար։

Բարձր պաշտոնների համար բոլոր թեկնածուներին հղված գրավոր հարցերն ու պատասխանները մշտապես պահվում են Սենատի պահոցներում։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեկնածությունները հաստատվելուց հետո, վերջնական հաստատումը տեղի է ունենում Սենատի լիագումար նիստի արդյունքում։

XS
SM
MD
LG