ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արագ է ցանկանում փոփոխություններ մտցնել երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունում, ինչպես նաեւ փորձում որոշ հատվածներում լիովին շրջել նախկինում ընտրած ուղին։ Այս մասին էր Սպիտակ տան մամուլի առաջին ասուլիսը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չի կորցնում ներկայացնելու համար արտաքին քաղաքական հարցերում իր դիրքորոշումը։
Պաշտոնավարման առաջին օրն իսկ պարզ դարձավ, որ նա Ամերիկան հանում է Միջխաղաղօվկիանոսյան պայմանագրից, որը ստորագրելու համար տարիներ էր պահանջվել։
՝՝Մենք՛՛, ասում է Թրամփը, ՝՝արդար առեւտուր ենք ուզում։ Եթե ուրիշների հետ արդար ենք վարվում, ուրիշներն էլ պիտի արդար վարվեն մեզ հետ՛՛։
Նոր նախագահի խոսնակ Շան Սպայսերի խոսքերից երեւում էր դեպի Ռուսաստան նոր վարչակազմի հակվածությունը։ Սիրիայում էլ ռազմական գործողություններին միանալու հնարավորության մասին հարցերը Սպայսերը շրջանցում էր։
՝՝Կարծում եմ, եթե կա մեկ այլ երկրի հետ ՝՝ԴԱԵՇ՛՛-ի դեմ պայքարելու հնարավորություն, անկախ նրանից այդ երկիրը Ռուսաստանն է, թե մեկ այլ երկիր, ու մենք այնտեղ ունենք ազգային շահ, իհարկե, ինչո՞ւ չէ՛՛։
Ինչ վերաբերում է Իրաքին, դեռեւս շաբաթ օրն էր Թրամփը հայտարարել, որ Ամերիկան պիտի իր ձեռքում պահեր Իրաքի նավթը։
՝՝Եթե նավթը մնար մեր ձեռքում, այսօր ՝՝ԴԱԵՇ՛՛-ը գոյություն չէր ունենա, քանի որ հենց նավթի միջոցով էր, որ այն կուտակեց հարստություն՛՛, հայտարարել էր նա, ավելացնելով որ ՝՝հետագա հնարավորությունները չեն բացառվում՛՛։
Թրամփի այս խոսքերին Սպիտակ տան խոսնակը փորձում է տալ բացատրություն՝ հայտարարելով, թե Թրամփն ուզում է վստահ լինել, որ կրած զոհողությունների դիմաց Ամերիկան պիտի ստանա իր բաժինը։
Շաբաթ օրը Կենտրոնական հետախուզական վարչություն կատարած այցի ընթացքում Թրամփը հայտարարել էր, թե վարչության հետ չունի տարաձայնություններ։ Իսկ ըստ որոշ հաղորդագրությունների, վարչության բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունել նրա տեսակետը։ Սպայսերը հերքում է այդ լուրերը, ասելով, թե այն ընդհանրապես ճշգրիտ տեղեկություն չէ։
՝՝Եթե ուշադրությամբ լսեք ձայնագրությունը, կարող եք նկատել այնտեղ տիրող հուզմունքը՛՛, ասում է նա։
Ինչ վերաբերում է Հարավչինական ծովում տարածքային վիճաբանություններին, Սպայսերն ասում է, թե ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ իր շահերը պաշտպանված են միջազգային ջրերում։
Նա չի ասում սակայն, թե արդյոք վարչակազմը հավատացած է, որ այդ ջրերի մեջ են մտնում այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնություններ ունի Չինաստանը։