Դոնալդ Թրամփի նախագահական երդման արարողության նախօրեին Վաշինգտոնը վերածվելու է վիրտուալ մի ամրոցի: Շուրջ քառորդ միլիոն ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել հանրապետական թեկնածուի երդման արարողությանը զուգահեռ:
Ոստիկանության տվյալների համաձայն շուրջ 900 հազար մարդ կմասնակցի երդման արարողությանը, որոնց թվում են ինչպես Թրամփի աջակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները: Միջոցառումները ներառում են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երդման արարողությունն ու Սպիտակ Տան շրջակայքի փողոցներով անցնող շքերթը:
Ցուցարարներից շատերը դժգոհ են Թրամփի արած հայտարարություններից՝ կապված կանանց, մահմեդականների, Օբամաքեերի չեղյալ հայտարարլու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ:
Թրամփի կողմնակիցներն աջակցում են նրան հաջողակ գործարար և հեռուստատեսային աստղ լինելու համար՝ որպես առավելություն ընդգծելով նրա՝ ավանդական քաղաքական համակարգից դուրս լինելը:
Հեռացող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը ասել է, որ ոստիկանությունը կբաժանի Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների խմբերը՝ բախումներից խուսափելու համար:
«Մտահոգությունն այն է, որ կլինեն թրամփամետ և հակադիր խմբեր, որոնք կարող են բախվել, եթե գտնվեն նույն տարածքում»,- ասել է Ջոնսոնը MSNBC-ին տված հարցազրույցում:
28 հազար անվտանգության աշխատակիցներ այդ օրը կապահովեն անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում շուրջ 8 քառակուսի կմ. տարածության վրա՝ տեղադրելով ճանապարհը փակող ցանկապատեր, բարիկադներ կամ բեռնատարներ:
Շուրջ 270 հազար ցուցարարներ, ըստ բողոքի ցույցի կազմակերպիչների, կբաժանվեն 30 խմբերի: Թրամփի կողմնակիցները ևս կստանան երթ անցկացնելու իրավունք նախքան երդման արարողության սկիզբը:
Disrupt J20 անունով ցուցարար խումբը խոստանում է ցույցեր անցկացնել բոլոր 12 ստուգման կետերում և փակել ճանապարհը դեպի միջոցառումների վայր:
Բողոքի ցույցեր այլ վայրերում
Այս պահին ամենամեծ բողոքի ցույցը կանանց երթն է՝ նախատեսված շաբաթ օրը Վաշինգտոնում: Նախնական տեղեկության համաձայն մասնակիցների թիվը կհասնի 250 հազարի: Կանանց երթեր նախատեսվում են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում ու աշխարհի տարբեր անկյուններում:
Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույց նախատեսվում է չորեքշաբթի օրը Նյու Յորքում, որին կմասնակցեն նաև քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, ռեժիսոր Մայքլ Մուրն ու դերասան Ալեք Բոլդվինը, ով ընդօրինակում է Թրամփին «Saturday Night Live» հեռուստաշոուի եթերում:
Վաշինգտոնում կայանալիք ցույցերից է նաև մարիխուանայի օրինականացման կողմնակիցների բողոքի ցույցն ընդդեմ Թրամփի որոշման՝ գլխավոր դատախազի պաշտոնում Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեշենսին նշանակելու վերաբերյալ: Վերջինս հայտնի է որպես մարիխուանայի օրինականացման քննադատ:
Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուշամը ասել է, որ ոստիկանները պատրաստ են մասսայական ձերբակալություններ իրականացնել անհրաժեշտության դեպքում, սակայն հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա:
«Եթե ձերբակալություններ իրականացնենք, ապա ամեն ինչ կընթանա արագացված կարգով»,- ասել է ոստիկանության ղեկավարը:
Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը խոստացել են ապահովել ցուցարարների խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքը:
Նախագահ Օբամայի առաջին երդման արարողությանը մասնակցել էր 2 մլն մարդ, իսկ երկրորդ երդմնակալությանը՝ շուրջ 1 միլիոն: Սպասվում է, որ այս տարի մասնակիցների թիվը չի հասնի մեկ միլիոնի:
Երդմանկալությանը հաջորդող շքերթը կանցնի Փենսիլվանիայի պողոտայով՝ Trump International Hotel հյուրանոցի կողքով: Հյուրանոցն այժմ շրջապատված է անվտանգության ուժերով:
Երդման արարողության վերջում նախագահ Թրամփը կայցելի Վաշինգտոնի ազգային Մայր Տաճար՝ հոգևոր արարողությանը մասնակցելու համար: Մայր Տաճարից տեղեկացրել են, որ տեղի երգչախումբը կերգի «God Bless America»-ն երդմնակալության ընթացքում: