Մատչելի հղումներ

Սենատում քննարկվեց ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի կողմից իրագործված կիբերհարձակումնեի խնդիրը


Միացյալ Նահանգների Սենատում կազմակերպված լսումների ընթացքում երկրի առաջատար հետախուզական ծառայությունների ղեկավարները օրենսդիրներին ներկայացրել են մանրամասներ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ կազմակերպված կիբերհարձակման վերաբերյալ:

Բացելով լսումները հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն ընդգծեց, որ դրանք որեւէ կերպ միտված չեն հարցականի տակ դնելու նախագահական ընտրությունների արդյունքները.

«Թե՛ նախագահ Օբաման եւ թե՛ ընտրված նախագահ Թրամփը հայտարարել են, որ պետք է առաջ նայել»:

Մաքքեյնն ավելացրեց, որ Ռուսաստանի կառավարության կողմից հրահանգված կիբերհարձակումը Միացյալ Նահանգների դեմ, որի մեջ համոզված են ԱՄՆ-ի բոլոր հատուկ ծառայությունները, չպետք է մնա անպատասխան:

Լսումներին ներկա Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ջեյմս Քլափերը խոստացավ սենատորներին հաջորդ շաբաթ փակ նիստում ներկայացնել կիբերհարձակումներում Ռուսաստանի իշխանությունների դերի բոլոր ապացույցները: Գնահատելով դրանց լրջությունը, Քլափերն ասաց.

«Արդյոք դա պատերազմական գործողությո՞ւն է ԱՄՆ-ի նկատմամբ. դա մենք չէ, որ պիտի որոշենք, սակայն, իմ համոզմամբ, դա ծայրաստիճան ծանր արարք է»:

Քլափերն ավելացրեց, որ Մոսկվան չի սահմանափակվում կիբերհարձակումներով, այլ նաեւ ԱՄՆ-ի դեմ կեղծ տեղեկատվություններ է տարածում սոցցանցերում:

Լսումներին ներկա դեմոկրատական սենատոր Ջեք Ռիդն ընգծեց, որ Մոսկվան անհայտ պատճառներով ընկալում է ժողովրդավարության տարածումը որպես ագրեսիվ քայլ իր նկատմամբ.

«Ռուսական կառավարությունը այդ ամենից բացի նաեւ ստեղծում եւ տարածում է կեղծ լուրեր սոցցանցերում: Ռուսական իշխանությունների նպատակն է տատանել մարդկանց վստահությունը դեմոկտատական հաստատությունների նկատմամբ»:

Եզրափակելով լսումները, ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մարսել Լեթրեն ընդգծեց, որ Վաշինգտոնում լրջորեն մտահոգված են Մոսկվայի ագրեսիվ գործողություններով.

«Ռազմական տեսանկյունից, մենք մտահոգված ենք ոչ միայն Ռուսաստանի կողմից կիբերհարձակումներով, այլ՝ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններով: Այնպես որ, Ռուսաստանը պատասխանատվության է կանչվելու մի շարք դրվագներով, որպեսզի նրանք զերծ մնան նման գործողություններից ապագայում»:

Վերլուծաբանները հիշեցնում են սակայն, որ Ռուսաստանի նկատմամբ ապագա քաղաքականությունը հիմնականում որոշելու է Դոնալդ Թրամփի վարչակազմը, ում երդման արարողությունը կայանալու է հունվարի 20-ին:

XS
SM
MD
LG