Համացանցը անկանխատեսելի ու խելահեղ մի տիրույթ է, որտեղ առաջին հայացքից սովորական թվացող տեսագրությունը, կամ պատկերը վայրկյանների ընթացքում դառնում է հանրահայտ ու լայն տարածում գտնում սոցցանցերով:
Յուրաքանչյուր տարի համացանցում մի նոր տեսագրություն է հայտնվում, որը այնուհետև որպես նոր տենդենց, լայն տարածում է գտնում սոցիալական ցանցերում: Այս տարի այդ տեսագրությունը «մանեքեն չելենջն» էր: Գաղափարն այն էր , որ հարակավոր էր ընդամենը մի քանի վայրկյան քարացած մնալ նկարահանման պահին:
Քենդիս Փայնը իր տարեդարձի առթիվ ինքն իրեն նվեր մատուցեց՝ գնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմից Չյուբաքա հերոսի դիմակը: Նրա անդադար ծիծաղը Ֆեյսբուքյան 164 միլիոն դիտում գրանցեց: Տեխասցի Քենդիս Փայնը, ով իր տեսագրության օգնությամբ Ֆեյսբուքում դարձավ հայտնի որպես «Չյուբաքայի մայր», այնհուհետև հայտնվեց հեռուստաէկրաններին: Իր դիմակի նմանությամբ արտադրված դիմակների վաճառքի արդյունքում Քենդիսը հազարավոր դոլարներ աշխատեց: Ֆլորիդայի համալսարանը նույնիսկ նրա երկու երեխաների ամբողջ ուսման վարձի համար հատկացրեց կրթաթոշակ:
Դիջեյ Խալեդը ոսկե և պլատինե ալբոմներ արտադրած երաժիշտ է, ում ծնողները պաղեստինցի են: Խալեդը իրեն նվիրյալ մահմեդական է համարում: Սակայն նա Bloomberg Businessweek ամսագրի շապիկին հայտնվեց մեկ այլ պատճառով: Ամեն ինչ սկսվեց ջրում դիջեյ Խալեդի անհետանալու մասին տեսահոլովակից և ավարտվեց նրա որդու ծննդաբերության մասին տեսագրությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդընի տեսագրությունները նույնպես լայն տարածում են գտնում սոցցանցերում: 2016 թվականին Սպիտակ տան տեսահոլովակում Օբաման օգնում էր դրամատուրգ և կոմպոզիտոր Լին Մանուել Միրանդային՝ ֆրիսթայլ ռեփի կատարման ժամանակ:
Նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի տարած հաղթանակից հետո սոցցանցերում մեծ տարածում գտան Բայդենի և Օբամայի ինտերնետ-մեմերը: «Ոչ, Ջո» վերնագրով ակնթարթորեն տարածում գտած սենսացիոն նկարները ավելի շատ ազդարարեցին վերջիններիս հրաժեշտը, քան՝ Թրամփի գալուստը: