Մատչելի հղումներ

Օբամայի և Ճապոնիայի վարչապետի պատմական այցը Փըրլ Հարբորի զոհերի հուշահամալիր


ԱՄՆ-ի նախագահ Ֆրենքլին Ռուզվելթը 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, Փըրլ Հարբորի հարձակման հաջորդ օրը «ամոթանքի օր» որակեց: Անցած երեքշաբթի օրը, սակայն, 75 տարի անց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Բարաք Օբաման պատմական այց կատարեցին Հավայան կզիներ, և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Փըրլ Հարբորի ճակատամարտում զոհվածների հիշատակին:

Ճապոնիայի վարչապետը ցավակցություն հայտնեց խորտակված «Արիզոնա» գծանավի հուշահամալիրում: Աբեի այցը հաջորդեց յոթ ամիս առաջ Օբամայի կողմից Հիրոսիմա կատարած այցին:

Օբաման ԱՄՆ-ի առաջին գործող նախագահն է, ով երբևէ այցելել է Հիրոսիմա։ Այստեղ էր ԱՄՆ-ը աշխարհում առաջին անգամ ատոմային ռումբ պայթեցրել: Պայթունը Երկրորդ աշխարհամարտի ավարտի ամենաողբերգական էջերից էր, միջուկային հարձակում, որի արդյունքում զոհվեցին ճապոնացի խաղաղ հազարավոր բնակիչներ:

Աբեն նույնպես, Օբամայի օրինակով, ներողություն չխնդրեց իր երկրի անցյալի համար, սակայն ընդգծեց Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիայի հետ հարաբերությունները վերականգնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։ Օբաման նույնպես ընդգծեց համերաշխության կարևորությունը:

Ալֆրեդ Ռոդրիգեզը Փըրլ Հարբորի հարձակման փրկվածներից է: Նրա խոսքերով, ինքն ատելություն չի զգում Ճապոնիայի հանդեպ:

Սա հիշեցում է վաղեմի թշնամիների միջեւ դաշինք կազմելու մասին, հիշեցում բարեկամության մասին, բարեկամություն, որը կանգնած է անորոշ ապագայի առջեւ, երբ հաջորդ ամիս իր աշխատանքներն է սկսում ԱՄՆ-ի նոր վարչակազմը։

XS
SM
MD
LG