Օկլահոմա նահանգի գլխավոր դատախազ Սքոթ Փրութը, ով հայտնի է որպես արդյունահանվող վառելիքի արդյունաբերության կողմնակից, կղեկավարի Բնապահպանության պաշտպանության գործակալությունը: Փրութը քննադատության է ենթարկվել համաշխարհային տաքացման վերաբերյալ իր թերահավատ հայտարարությունների համար՝ չնայած գիտական միտքն ապացուցել է մարդկային գործոնի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա:
Նեյրովիրաբույժ Բեն Կարսենի նշանակումը քաղաքաշինության զարգացման նախարարի պաշտոնում ևս միանշանակ չընդունվեց: Սակայն Թրամփն այդպես չի մտածում:
«Կարծում եմ մենք մեր ազգի պատմության լավագույն վարչակազմերից մեկի ձևավորևման փուլում ենք»,- հայտարարել է Թրամփը:
Թոշակի անցած հատուկ ջոկատային գեներալ Ջոն Քելին, ով նաև իրաքյան պատերազմի վետերան է, կառաջնորդի ազգային անվտանգության նախարարությունը: Նա կղեկավարի ահաբեկչության դեմ պայքարը և կիրականացնի Թրամփի խոստումն՝ անօրինական ներգաղթյալներին երկրից հեռացնելու մասին:
Չորեքշաբթի Թրամփը հանդիպեց Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելի հետ, ով նրան հանձնեց ամերիկյան 14 քաղաքների քաղաքապետերի ստորագրությամբ նամակը, ովքեր խնդրում են նորընտիր նախագահին՝ պաշտպանել փաստաթղթեր չունեցով օտարերկրյա ուսանողներին:
«Նրանք ձգտում են դեպի ամերիկյան երազանք, նրանք մեղավոր չեն, որ իրենց ծնողներն են եկել այստեղ: Մենք պետք է նրանց ընդունենք և պահենք այստեղ»,-ասում է Չիկագոյի քաղաքապետը:
Նույն օրը նորընտիր նախագահը հանդիպել է ըմբշամարտի ոլորտի խոշոր գործարար Լինդա Մաքմահոնի հետ, ում հավանաբար կառաջարկվի Փոքր բիզնեսի գործակալության ղեկավարի պաշտոնը:
«Մենք խոսեցինք գործարարության, ձեռներեցության, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև Փոքր բիզնեսի գործակալության մասին: Շատ լավ զրույց ենք ունեցել»,-ասել է Մաքմահոնը:
Թրամփը նաև հանդիպել է Այովայի նահանգապետ Թերի Բրենսթեդի հետ և վերջինիս առաջարկել՝ զբաղեցնել Չինաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի պաշտոնը: Երկար տարիներ նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Բրենսթեդը սերտ կապեր ունի Չինաստանի և չինական ղեկավարության հետ: Այս նշանակումը ստացավ ավելի լայն հանրային աջակցություն:
Հաջորդ շաբաթ նախատեսվում են նոր նշանակումներ: Թրամփը տեղեկացրել է, որ ինքը զգալիորեն կրճատել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածուների ցանկը, և որ նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ով Թրամփի քննադատն էր նախընտրական շրջանում, շարունակում է մնալ ցուցակում: