Միացյալ Նահանգների շահերից է բխում սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում են արեւմտյան վերլուծաբանները: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկի խոսքով, Վաշինգտոնը եւ եվրոպական երկրները ռազմավարական շահեր ունեն Հարավային Կովկասում, որոնք անհրաժեշտ է ամրապնդել.
«Արեւմուտքն անպայման պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Կովկասի երեք պետություններին»:
Վերլուծաբանի խոսքով, նախագահ Օբամայի վարչակազմը բավարար ուշադրություն չէր հատկացնում Հարավային Կովկասին, եւ Թրամփի վարչակազմը պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Առաջին հերթին, դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին, համոզված է Բլանկը, քանի որ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավումն այս հարցում խաղաղության երաշխիքներից մեկն է.
«Թրամփի վարչակազմը պետք է նոր միջնորդ նշանակի եւ նախաձեռնի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կարգավորեն հակամարտությունը»:
Սթիվեն Բլանկի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը չի կարելի թողնել միայն Մոսկվայի պատասխանատվության տակ, քանի որ այդ դեպքում հակամարտությունը երբեք չի կարգավորվի.
«Անհրաժեշտ է ակտիվացնել Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես Արեւմուտքի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը խաղաղություն չի բերի, այն կառավարվող հակամարտություն է ցանկանում տեսնել Ղարաբաղում: Սակայն, խնդիրն այն է, որ այդտեսակ հակամարտությունները հնարավոր չէ կառավարել»:
Միացյալ Նահանգների համար Հայաստանի եզակի դերի մասին է պատմել նաեւ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի դասախոս Սեմյուել Ռամանին.
«Վաշինգտոնում բազմաթիվ մարդիկ, լուրջ հետազոտական հաստատությունների վերլուծաբաններ եւ դիվանագետներ, ովքեր աշխատել են Կովկասում, միանշանակ համաձայն են ինձ հետ, որ Հայաստանն ավելի հուսալի գործընկեր է Միացյալ Նահանգների համար, քան, ասենք, Ադրբեջանը»:
Ռամանին հիշեցրել է, որ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանն առավել կայուն արտաքին քաղաքական մոտեցումներ է ունեցել անցած տասնամյակների ընթացքում եւ լինելով ՀԱՊԿ-ի անդամ բազմիցս է աջակցել ԱՄՆ-ի խաղաղարար առաքելություններին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: