Լատոյա Ուիլսոնի մոտ հայտնաբերել են կրծքի մետաստատիկ քաղցկեղ ինչը նշանակում է, որ հիվանդությունը տարածվել է մարմնի մյուս օրգաններով:
Սակայն երկու հազար այլ կանանց հետ, ովքեր համաձայնել են կրծքի մետաստատիկ քաղցկեղի ծրագրի մաս կազմել, նա պայքարում է այս մահացու հիվանդության դեմ:
Ուիլսոնը ասում է,- «Բոլորը ասում են, որ անհրաժեշտ է բուժում գտնել: Սակայն բուժում գտնելու միակ ձևը կլինիկական փորձարկումներին մասնակցելն է: Բժիշկներն ու գիտնականները մեծ աշխատանք են տանում այս ուղղությամբ, սակայն նրանց անհրաժեշտ են մասնակիցներ»:
Այս ծրագիրը անցկացնում է Բրոդ Ինստիտուտը Մասաչուսեցի տեխնոլոգիաների համալսարանում և Հարվարդում, որտեղ նրանք Ուիլսոնի նման հիվանդների թքի և ուռուցքի նմուշների հսկայական պաշար են կուտակում:
Բրոդ Ինստիտուտից՝ բժիշկ Նիքիլ Վագլեի խոսքերով սա հետազոտությունների անցկացման մի նոր եղանակ է:
Նա ասում է,- «Սա տարբերվում է մյուս բոլոր ուսումնասիրություններից, որոնք սովորաբար անցկացվում են քաղցկեղի բուժման համար նախատեսված խոշոր կենտրոններում ու կատարվում են բուժող բժիշկների նախաձեռնությամբ: Սակայն այս տարբերակով հետազոտություններին մասնակցելու որոշումը հիվանդներինն է»:
Իհարկե Ուիլսոնը հասկանում է, որ հնարավոր է իր կյանքի ընթացքում բուժման եղանակը չտեսնի, սակայն նա ուրախ է օգնել:
Նա ասում է,- «Երբ բուժման նոր միջոցը հայտնաբերվի, կարող եմ ասել, որ ես ել եմ օգնել: Ես օգնել եմ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրելով: Փորձել եմ մյուսներին էլ քաջալերել, որպեսզի մասնակցեն ծրագրին: Ու թեև սա ուսումնասիրության մի փոքր մասն է, այնուամենայնիվ ես օգնել եմ»:
Մինչ այժմ ծրագիրը բացահայտել է, որ հիվանդների մի փոքր խումբ անսովոր կերպով դրական է արձագանքել քիմիոթերապիային կամ նոր դեղամիջոցներին: Հետազոտողները հույս ունեն, որ ԴՆԹ-ի վերլուծությունը կպատասխանի այն հարցին, թե ինչու՞ են որոշ հիվանդներ ապրում մոտ 10 տարի, երբ հիվանդությամբ տառապողների ապրելու տևողությունը միջինում 3 տարի է: